Ֆրանսիայի Սենատը 295 կողմ, 1 դեմ ձայների հարաբերությամբ ընդունել է բանաձև, որով երկրի կառավարությանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։
Փաստաթուղթը նաև կոչ է անում Բաքվին զորքերը դուրս բերել Հայաստանի տարածքից և երաշխավորել Լաչինի միջանցքի անփոփոխ կարգավիճակը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության։
«Մենք կոչ ենք անում կառավարությանը՝ իր եվրոպացի դաշնակիցների հետ, դիտարկել ադրբեջանական նոր հարձակումներին ամենաուժեղ և պատշաճ պատասխանի տարբերակները, ներառյալ՝ Ադրբեջանի ղեկավարների ունեցվածքի բռնագրավումը և ադրբեջանական գազի ու նավթի ներկրման արգելք սահմանելու հնարավորությունը»,- ասվում է փաստաթղթում։
Խորհրդարանը նաև խնդրել է Ֆրանսիայի կառավարությանը դիտարկել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական գրասենյակ ստեղծելու հարցը, ինչպես նաև ամեն կերպ ցույց տալ Փարիզի աջակցությունը Երևանին՝ քննարկելով Հայաստանի պաշտպանունակության ամրապնդումը։
Ներկայացնելով նախագիծը՝ դրա համահեղինակներից Բրունո Ռետայոն, նշել է. «Այս առաջարկի նպատակն է՝ չթողնել Հայաստանն իր դժբախտության հետ»:
Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ Օլիվիե Բեխտը չի առարկել բանաձևի ընդունմանը, սակայն չի էլ հստակեցրել, թե արդյոք կառավարությունը կգնա՞ պատժամիջոցների ճանապարհով: «Աշխարհում ոչ մի երկիր ավելին չի անում Հայաստանին աջակցելու համար»,- ասել է պաշտոնյան:
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ֆրանսիայի «կողմնակալ և միակողմանի» քաղաքական դիրքորոշումը՝ որպես երկրի, որը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին նպաստելու իր մտադրության մասին։