Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է պաղեստինցիների համար պետություն ստեղծելու գաղափարը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Նեթանյահուի խոսնակն ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցում Իսրայելի վարչապետը հրաժարվել է ինքնիշխան Պաղեստին պետություն ստեղծելուց, քանի որ դա չի ապահովի անվտանգության երաշխիքների վերաբերյալ Իսրայելի պահանջները:
Եվրամիությունն էլ հունվարի 22-ին Բրյուսելում կայանալիք արտգործնախարարների նիստում կորոշի Իսրայելի համար հետևանքները, եթե երկրի իշխանությունները շարունակեն հանդես գալ պաղեստինյան պետության ստեղծման դեմ: Այս մասին հայտնել Է Financial Times թերթը՝ հղում անելով իր տրամադրության տակ գտնվող ԵՄ արտաքին քաղաքական ծառայության փաստաթղթին։
Ծրագիրը ներառում է անկախ պաղեստինյան պետության ստեղծումը և երկու երկրի փոխադարձ ճանաչումը։
Եվրոպացի պաշտոնյաների խոսքով, «Իսրայելի համար կան իմպուլսներ և հակաստիմուլներ: Եվ եթե դժվար է ինչ-որ բան պարտադրել երկրի ներկայիս վարչապետ Բենյամին Նեթանյահուին, ապա նրա պաշտոնավարման ժամկետը «հավերժ չի տևի»:
Բրյուսելում ԵՄ 27 երկրների արտգործնախարարների հանդիպմանը ժամանելուն պես ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ հանդես է գալիս ոչ միայն Մերձավոր Արևելքում խաղաղ գործընթացի, այլև պաղեստինյան պետության ստեղծման և Իսրայելի հետ նրա համակեցության օգտին:
Իսրայելի և Պաղեստին պետության միջև համակեցության հայեցակարգն ընդունելուց վարչապետ Նեթանյահուի մերժումն անընդունելի է համարել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Չյանած ԱՄՆ-ի և ԵՄ-ի կոշտ դիրքորոշմանը, իսրայելական բանակն ընդլայնում է գործողությունները Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս շրջանում, շարունակվում են հարձակումները Հորդանան գետի արևմտյան ափի պաղեստինյան բնակավայրերի վրա, հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը: