Իմ վարչապետության շրջանում ես երկու անգամ հրաժարական եմ տվել և երկու անգամ Հայաստանում տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և մեր քաղաքական թիմով մասնակցել ենք խորհրդարանական ընտրություններին: Շատ քաղաքական ուժեր կան, որ մեզնից ակնկալում են, որ հեռանանք քաղաքականությունից, բայց մենք դա չենք կարող անել մի պարզ պատճառով՝ որովհետև մենք ժողովրդից ստացել ենք իշխանություն, մանդատ, և եթե մենք ուղղակի հեռանանք, ո՞ւմ ենք թողնելու այդ մանդատը: Մենք կարող ենք մեր մանդատը վերադարձնել, և մենք մեր մանդատը վերադարձրել ենք ժողովրդին և ասել՝ դուք որոշեք, թե ում եք տալիս այդ մանդատը: Այս մասին Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետը՝ պատասխանելով հանդիպման մասնակիցներից մեկի հարցին, որը վերաբերել էր վարչապետի՝ հրաժարական տալուն և քաղաքական դաշտից հեռանալուն:
«Ժողովուրդը որոշել է, որ այդ մանդատը կրկին պետք է տա մեզ: Դա առնվազն նշանակում է, որ մեր որոշ պատճառաբանություններ, բացատրություններ ժողովուրդը համարել է արդարացի և լեգիտիմ: Եվ երբ ես ասում եմ, որ Եվրամիությունում Հայաստանի համարումը աճում է, ավելանում է, ասում եմ՝ այդտեղ 2021 թվակականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները շատ էական նշանակություն ունեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ մենք պետք է առաջնորդվենք «Հայրենիքը պետություն է» տրամաբանությամբ:
«Մեր ժողովրդի քվեով և ընտրությամբ եմ ես ստանձնել Հայաստանի վարչապետի պաշտոնը: Ես համաձայն չեմ կորսված հայրենիքի հայեցակարգին, որովհետև դա հայրենիք կորցնելու հայեցակարգ է, իսկ մենք հայրենիք ասելով պետք է նկատի ունենանք պետությունը: Մենք այսօր ունենք պետություն և մեր պետությունը փորձում է վարել ավելի անկախ քաղաքականություն: Կորսված հայրենիքի տեսլականը դրված է նրա համար, որ մենք երբեք պետություն չունենանք, չկարողանանք պետություն կայացնել, անընդհատ գնալ ինչ-որ կորսված հայրենիքի հետևից և չկարողանալ նկատել, տեսնել, կառավարել, հոգ տանել այն հայրենիքի նկատմամբ, որը մենք ունենք, այսինքն՝ ՀՀ-ի համար:
Մենք ասում ենք մեր ունեցած հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է: Սա է մեր հայրենիքը և մենք պետք է կենտրոնանանք մեր հայրենիքը ուժեղացնելու, որպես պետություն զարգացնելու և նրա անկախությունն ու ինքնիշխանությունը ուժեղացնելու ուղղությամբ: Այո՛, մենք անցնում ենք ցավոտ ճանապարհով և մենք պետք է անցնենք այդ ճանապարհով, որովհետև կորսված հայրենիքի անդադար տեսլականը մի բանի համար է՝ որ այդպես էլ չկենտրոնանանք պետություն ունենալու անհրաժեշտության առաջ: Մեր խնդիրը հիմա այս տեսլականից դուրս բերելն է, և մենք շարունակելու ենք գնալ այդ ճանապարհով»,- ասել է վարչապետը։
Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին