Ֆրանսիայում թողարկվել են Միսաք Մանուշյանին և Շառլ Ազնավուրին նվիրված նամականիշներ

Ֆրանսիայում թողարկվել են Միսաք Մանուշյանին և Շառլ Ազնավուրին նվիրված նամականիշներ



Փետրվարի 27-ին Ֆրանսիայի փոստային ընկերության կենտրոնական գրասենյակում (Carrée d’Encre) մեծարվեց հայազգի երկու խոշոր գործիչների՝ Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի և աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի հիշատակը՝ նրանց նվիրված նամականիշների թողարկման հանդիսավոր արարողության շրջանակներում։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
Միջոցառմանը ներկա էին և բացման խոսքով հանդես եկան Ֆրանսիայի սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիասը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոմլաջյանը, Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Բրիս Ռոքֆոյը, Ֆիլապոստի խմբի եվրոպական և միջազգային հարցերով տնօրեն Ժան-Պոլ Ֆորսըվիլը, Ֆիլապոստի տնօրեն Պոլ Դվորկինը, Միսաք Մանուշյանի եղբոր թոռնուհին՝ Կատյա Գիրակոսյանը և Շառլ Ազնավուրի որդին՝ Միշա Ազնավուրը։
Դեսպան Տոլմաջյանը, երախտագիտություն հայտնելով Ֆրանսիայի փոստային ընկերությանը Միսաք Մանուշյանին և Շառլ Ազնավուրին նվիրված նամականիշերի թողարկման համար, ընդգծեց հայազգի երկու ականավոր գործիչների կարևոր դերակատարությունը հայ-ֆրանսիական հազարամյա բարեկամության ամրապնդման գործում։
Միսաք Մանուշյանին նվիրված չորս նամականիշ ներառող հավաքածուն (Collector timbre) Ֆրանսիայի փոստային ընկերությունը թողարկել է Դիմադրության շարժման հերոսի աճյունը Ֆրանսիայի Պանթեոնում՝ ֆրանսիացի մեծագույն գործիչների կողքին ամփոփելու իրադարձության կապակցությամբ՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և վերջինիս հետ սերտ համագործակցությամբ։ Հավաքածուն թողարկվել է 8000 օրինակով։
Միջոցառման շրջանակներում կայացավ Շառլ Ազնավուրին նվիրված նամականիշի պատկերի ներկայացման հանդիսավոր արարողությունը։ Պատկերի հեղինակը ծագումով վիետնամցի նկարիչ Հոմ Նգույենն է, իսկ նրա ստեղծագործության հիմքում՝ ֆրանսահայ անվանի լուսանկարիչ Ռոժե Կասպարյանի կողմից արված Շառլ Ազնավուրի լուսանկարը։ Նամականիշի պաշտոնական թողարկումը՝ շուրջ 600 000 օրինակով, նախատեսված է մայիսին՝ երգչի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ։
Արարողությանը ներկա էին խորհրդարանականներ, հասարակական և քաղաքական գործիչներ, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։