Գերմանիան հետաքննում է Ուկրաինային TAURUS հրթիռների փոխանցման վերաբերյալ ռազմական հանդիպման գաղտնալսումը

Գերմանիան հետաքննում է Ուկրաինային TAURUS հրթիռների փոխանցման վերաբերյալ ռազմական հանդիպման գաղտնալսումը



Կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ Գերմանիան հետաքննում է տեղեկատվության «շատ լուրջ արտահոսքը»: Մարտի 1-ին ռուսական լրատվամիջոցները 38 րոպեանոց աուդիո ձայնագրություն էին հրապարակել, որում «Բունդեսվերի բարձրաստիճան սպաները» քննարկում են Ղրիմի կամրջի վրա գերմանական հեռահար TAURUS թևավոր հրթիռների օգտագործմամբ հարձակումների հնարավորությունը:
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը գերմանական օդուժի  բարձրաստիճան սպաների առցանց կոնֆերանսի արտահոսքի ձայնագրությունը գնահատել է Ռուսաստանի կողմից «հիբրիդային ապատեղեկատվական հարձակում»: «Սա տեղեկատվական պատերազմի մի մասն է, որը վարում է Պուտինը», — ասել է ՊՆ ղեկավարը։
«Մեր գնահատմամբ՝ Ռազմաօդային ուժերում հանդիպումը գաղտնալսվել է, բայց առայժմ  չենք կարող վստահաբար ասել, թե արդյոք փոփոխություններ են կատարվել սոցցանցերում շրջանառվող ձայնագրության և վերծանված տարբերակում», — ասել է նախարարը լրագրողներին, փոխանցում է AFP-ն։
Spiegel և Bild պարբերականներն ավելի վաղ գրել էին, որ ձայնագրությունն, ամենայն հավանականությամբ, իրական է: