Իրանն իրեն իրավունք է վերապահում վճռական պատասխան տալ Իսրայելին՝ Դամասկոսում Իսլամական Հանրապետության հյուպատոսության վրա հարձակման համար: Այդ մասին ասված է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության նամակում՝ ուղղված կազմակերպության գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին:
Փաստաթղթում նշվում է, որ տեղի ունեցածի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրում է Իսրայելը։ Իրանը նաև կոչ է արել ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ խստագույնս դատապարտել Իսրայելի հարվածը Դամասկոսում իրանական հյուպատոսությանը և Անվտանգության խորհրդի շտապ նիստ հրավիրել:
Ավելի վաղ Սիրիայի պաշտպանության նախարարությունից հայտարարել են, որ Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքն ամբողջովին ավերվել է իսրայելական ավիահարվածի հետևանքով:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաստատել է, որ հարվածի հետևանքով զոհվել է երկու գեներալ և ԻՀՊԿ հինգ սպա: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ Թեհրանն իրեն իրավունք է վերապահում անձամբ պատասխանել Իսրայելի ավիահարվածին:
Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին