Թուրքիայի իշխանություններն արգելել են մայիսմեկյան ցույցերը Ստամբուլի Թաքսիմ հրապարակում

Թուրքիայի իշխանություններն արգելել են մայիսմեկյան ցույցերը Ստամբուլի Թաքսիմ հրապարակում



Թուրքիայի իշխանություններն արգելել են մայիսմեկյան ցույցը Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում։ Այդ մասին հայտարարել է հանրապետության ՆԳՆ ղեկավար Ալի Երլիքայան։
«Մինչ օրս Աշխատանքի և համերաշխության օրվա կապակցությամբ երկրի 55 նահանգում 103 միջոցառում անցկացնելու հայտ է ներկայացվել, բոլորը բավարարվել են։ Բացառություն է Ստամբուլը, որը 2023 թվականին ընդունել է 17,5 միլիոն զբոսաշրջիկ և համարվում է մեր երկրի կրթության, մշակույթի, արվեստի, առևտրի և արդյունաբերության կենտրոնը»,- լրագրողներին ասել է նախարարը։
Մի շարք արհմիություններ դիմել են Թաքսիմ հրապարակում զանգվածային ցույցեր անցկացնելու համար: Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը հայտնել է, որ մայիսի 1-ին արհմիությունների ներկայացուցիչները կարող են ծաղիկներ դնել Հանրապետության հուշարձանին, որը կանգնեցվել է Թաքսիմում՝ ի հիշատակ 1923 թ. Թուրքիայի Հանրապետության կազմավորման, և հայտարարություն անել ԶԼՄ-ների համար: Հրապարակում և հարակից տարածքում այլ միջոցառումներն արգելվում են:
Նախարարի խոսքով՝ Ստամբուլում 40 տեղ է հատկացվել մայիսմեկյան միջոցառումների համար։ Քաղաքում անվտանգությունն ապահովելու է ավելի քան 42 հազար ոստիկան։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) ղեկավար Օզգյուր Օզելը ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է հանդես գալ որպես Թաքսիմում մայիսմեկյան հանգիստ ցույցի երաշխավոր։ Նա հայտնել է, որ պատրաստ է այդ հարցը քննարկել նախագահ Էրդողանի հետ։