Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի, Հունգարիայի նախագահ Թամաշ Սույոկի և վարչապետ Վիկտոր Օրբանի հրավերով մայիսի 5-10-ը պետական այցեր կկատարի այդ երեք երկիր:
Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Լին Ծյանը ճեպազրույցում նշել է, որ դա պետության ղեկավարի առաջին ուղևորությունն է Եվրոպա վերջին հինգ տարվա ընթացքում։ Նրա խոսքով՝ Չինաստանի ղեկավարի եվրոպական շրջագայությունը մեծ նշանակություն ունի այս երեք երկրի և ամբողջ Եվրոպայի հետ հարաբերությունների ընդհանուր զարգացմանը նպաստելու հարցում։
Չինաստանի ղեկավարը նախագահ Մակրոնի հետ կքննարկի երկկողմ կապերը, ինչպես նաև չին-եվրոպական հարաբերությունները, կարծիքներ կփոխանակեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող արդի միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ, ասել է ԱԳՆ խոսնակը։ Ակնկալվում է, որ Չինաստանի նախագահի այցը նոր մակարդակի կբարձրացնի Չինաստան-Ֆրանսիա համապարփակ ռազմավարական գործընկերությունը: