ԱՄՆ պետքարտուղարության մամուլի առաջին փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Վրաստանի իրադրության վերաբերյալ հարցին: Թբիլիսիում չեն դադարում ցույցերն ընդդեմ ««Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի: Վրաստանի խորհրդարանն այն ընդունել է՝ չնայած զանգվածային բողոքներին և ԱՄՆ-ի և ԵՄ-ի նախազգուշացումներին:
«Մենք տեղյակ ենք այդ օրինագծի կարգավիճակին, շարունակում ենք ուշադիր հետևել Վրաստանի հետագա զարգացումներին։ Պետքարտուղարի օգնական Ջիմ Օ’Բրայենը Թբիլիսիում է, հանդիպում է վրացի պաշտոնյաների հետ»,- ասել է Պատելը։
Նա հիշեցրել է, որ Վրաստանի ժողովրդի ավելի քան 80 տոկոսը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, և ԱՄՆ-ն աջակցում է այդ ձգտմանը:
«Վրաստանի կառավարությունն էլ ասել է, որ ցանկանում է միանալ ԵՄ-ին և հարաբերություններ ունենալ ՆԱՏՕ-ի հետ: Դա, իհարկե, համապատասխանում է Վրաստանի Սահմանադրությանը, բայց այդ օրենքը հակասում է հայտարարված նպատակին: Մենք կարևորում ենք մեր հարաբերությունները և Վրաստանի հետ ունեցած գործընկերությունը, որը գոյություն ունի ավելի քան 30 տարի, և կցանկանայինք խորացնել այդ համագործակցությունը: Բայց Վրաստանի կառավարությունը պետք է փոխի իր ներկա կուրսը»,- հավելել է Պատելը: