Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը քննադատել են ՄՔԴ-ի դատախազի որոշումը

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը քննադատել են ՄՔԴ-ի դատախազի որոշումը



Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը պահանջել է ՄՔԴ-ից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, Իսրայելի պաշտպանության նախարարին և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման երեք առաջնորդի ձերբակալելու օրդեր տալ:
Դատախազը հայտարարել է, որ երկու կողմն էլ պատասխանատվություն է կրում Պաղեստինի և Իսրայելի տարածքներում ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար: Դա առաջացրել է և Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի քննադատությունը:
Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Խանի հայտարարությունը պատմական չափերի սկանդալ է անվանել։
Իսրայելական կողմն անթույլատրելի է համարում «զուգահեռներ անցկացնելը ժողովրդավարական երկրի առաջնորդների, որոնք տրամադրված են ինքնապաշտպանվել նողկալի ահաբեկչությունից և արյունարբու ահաբեկչական կազմակերպության առաջնորդների միջև»:
Կացը հանձնարարել է արտգործնախարարության աշխատակիցներին օպերատիվ շտաբ ստեղծել, որը պետք է կանխի այդ որոշման իրականացումը։
Իսրայելի Ազգային անվտանգության հարցերով նախարար Իտամար Բեն Գվիրն էլ կոչ է արել Նեթանյահուին և Գալանտին անտեսել ՄՔԴ-ն և ավարտել ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական արշավը։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը նույնպես քննադատել է դատախազի հայցը։ Ըստ Associated Press-ի, շարժման հայտարարության մեջ ասվում է, որ դատախազը փորձում է «հավասարեցնել զոհին և դահիճին», և որ ՀԱՄԱՍ-ն իրավունք ունի դիմակայել «իսրայելական օկուպացիային, այդ թվում՝ զինված դիմադրության միջոցով»:
ՀԱՄԱՍ-ը նաև ասել է, որ ՄՔԴ-ն պետք է հետամուտ լինի ոչ միայն Նեթանյահուի և Գալանտի, այլև իսրայելական մյուս առաջնորդների ձերբակալությանը։
Արևմտյան լրատվամիջոցները բացատրում են, որ ՄՔԴ դատավորներն այժմ պետք է քննեն դատախազի դիմումը և որոշեն, թե կալանավորման օրդեր տալու հիմքեր իրո՞ք կան։