Հունգարիան վերագնահատում է իր դերը ՆԱՏՕ-ում. Օրբան 24.05.2024 . Միջազգային

Հունգարիան վերագնահատում է իր դերը ՆԱՏՕ-ում. Օրբան
		24.05.2024 . Միջազգային


Հունգարիայի կառավարությունը վերագնահատում է իր երկրի դերը ՆԱՏՕ-ում, քանի որ չի ցանկանում մասնակցել Ուկրաինայում դաշինքի ռազմական առաքելությանը։ Այդ մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:

Նա հաստատել է, որ Հունգարիան մտադիր է մնալ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում, բայց չի ցանկանում մասնակցել ՆԱՏՕ-ի գործողություններին, որոնք կարող են դաշինքի երկրներն ուղղակիորեն ներգրավել Ուկրաինայի հակամարտության մեջ և հանգեցնել Ռուսաստանի հետ ուղիղ բախման։

Օրբանը նաև տեղեկացրել է, որ Հունգարիան չի ֆինանսավորի Ուկրաինայում ՆԱՏՕ-ի հնարավոր գործողությունները, այնտեղ զենք չի ուղարկի, նույնիսկ իր տարածքը չի հատկացնի ուկրաինական բանակի համար նախատեսված զենքը պահելու համար։ Վարչապետը բացատրել է, որ այդ դիրքորոշումը թելադրված է այն համոզմունքով, որ Ուկրաինայում հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, դրանում չի կարող հաղթող լինել, այն կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով։

Բացի այդ՝ Օրբանը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, որի վրա ոչ ոք չի հարձակվել։ Ուկրաինայի հակամարտությունը վերաբերում է միայն այդ երկրին և Ռուսաստանին, կարծում է վարչապետը։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին