«Նոր Ադրբեջան» կուսակցության մամուլի ծառայությունը հայտնել է, որ հունիսի 20-ին տեղի է ունեցել կուսակցության վարչության հերթական նիստը, որի ժամանակ կուսակցությունը հանդես է եկել խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություն անցկացնելու նախաձեռնությամբ:
Կուսակցության փոխնախագահ, կենտրոնական գրասենյակի ղեկավար Թահիր Բուդագովը պարզաբանել է, որ 2024 թվականի նոյեմբերին նախատեսված է հանրապետության խորհրդարանի հերթական ընտրությունը: Սակայն այդ ամսին Ադրբեջանում անցկացվելու են նաև Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը և այլ կարևոր միջազգային իրադարձություններ: Դրանց կազմակերպումը մեծ պատասխանատվություն է պահանջում, ուստի կուսակցությունն առաջարկում է, առաջնահերթություն տալով պետական շահերին, ցրել խորհրդարանն ու անցկացնել արտահերթ ընտրություն: