ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերի հրապարակած հաղորդագրության մեջ։
«Պետքարտուղարը գնահատել է խաղաղության պայմանագրի ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի շարունակական առաջընթացը և ընդգծել համաձայնագրի անհապաղ կնքման կարևորությունը: Նա վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել կողմերի հետագա ներգրավվածությանը՝ նրանց համար օգտակար ցանկացած ձևով: Ընդգծելով երկկողմ հարաբերությունների կարևորությունը՝ ԱՄՆ պետքարտուղարը կարևորել է Ադրբեջանի հետ կառուցողական համագործակցությունը ընդհանուր կլիմայական և էներգետիկ նպատակների շուրջ՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները հանձնառու է՝ օգնելու COP29-ի հաջող անցկացմանը: Նա կոչ է արել վերանայել և ուժեղացնել Միացյալ Նահանգներ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները: Բլինքենը կրկին հորդորել է Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային հանձնառություններին և պարտավորություններին և ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին։ Նա Ադրբեջանին կոչ է արել դա անել հնարավորինս շուտ»,- նշված է ԱՄՆ պետքարտուղարի ներկայացուցչի հայտարարության մեջ: