Եվրապատգամավորները դատապարտել են հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության վերաբերյալ Բաքվի ու Մոսկվայի քննադատությունները 28.06.2024 . Տարածաշրջան

Եվրապատգամավորները դատապարտել են հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության վերաբերյալ Բաքվի ու Մոսկվայի քննադատությունները
		28.06.2024 . Տարածաշրջան


Եվրախորհրդարանի բոլոր խմբակցություններից մի խումբ պատգամավորներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ի պատասխան հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության վերաբերյալ Ադրբեջանի և Ռուսաստանի բացասական արձագանքին ու քննադատություններին։ Պատգամավորներն ընդգծել են, որ ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված և մարտունակ բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է՝ փոխանցում է «Արմենպրեսը»։

«Ռուսաստանի ու Ադրբեջանի ռեժիմների կողմից Հայաստանի հասցեին հնչեցված մեղադրանքները, թե վերջինս Հարավային Կովկասում հակամարտություն է հրահրում, ևս մեկ անգամ փաստում են, որ երկու երկրների միջև առկա է դավադրություն, որը դեռ 2023 թվականի սեպտեմբերին հանգեցրել էր Լեռնային Ղարաբաղի ավելի քան 140 հազար հայերի էթնիկ զտմանը»,- նշել են Եվրոպական խորհրդարանի պատգամավորները։

Նրանք համոզմունք են հայտնել, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը դատապարտում են Ֆրանսիային՝ ձգտելով օգտագործել առկա տարաձայնությունները, հակասությունները երկրների ներսում կամ երկրների միջև՝ «որպես սեփական պատեհապաշտ նպատակներին հասնելու գործիք»:

«Սա ոչ մի կերպ չի կարող ընդունելի լինել Եվրամիության կողմից, և վաղուց ժամանակն է պատժամիջոցներ կիրառել բռնապետական ​​Ալիևի ռեժիմի դեմ՝ տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը խաթարող նրա ապակառուցողական գործողությունների և մարդու իրավունքների ոտնահարման համար: Մենք խստորեն դատապարտում ենք Բաքվի և Մոսկվայի պաշտոնական հայտարարությունները և կոչ ենք անում Եվրոպական հանձնաժողովին և ԱԳԵԾ-ին անհապաղ արձագանքել այս իրավիճակին»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։

Փաստաթուղթը ստորագրել են Սլովակիայից Միրիամ Լեքսմանը, Ֆրանսիայից Ֆրանսուա-Քսավիե Բելամին, Նատալի Լուազոն, Ռաֆայել Գլյուկսմանը, Մարկետա Գրեգորովան, Քրիստոֆ Գոմարը, Սելին Իմարը, Լորան Կաստիյոն, Կիպրոսից Լուկաս Ֆուռլասը և Կոստաս Մավրիդեսը, Նիդերլանդներից Բերտ-Յան Ռաուսենը, Լիտվայից Անդրիուս Կուբիլիուսը և Ռասա Յուկնեվիչիենեն ու Շվեդիայից Չառլի Վեյմերսը։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին