Պատելն անդրադարձել է Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրին 02.07.2024 . Միջազգային

Պատելն անդրադարձել է Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրին
		02.07.2024 . Միջազգային


ԱՄՆ Պետքարտուղարության փոխխոսնակը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հարավային Կովկասում զարգացումներին: Լրագրողներից մեկը հիշեցրել է, որ Էնթոնի Բլինքենը վերջերս զրուցել է Ադրբեջանի նախագահի հետ, պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեյմս Օ’Բրայենն էլ այցելել է Բաքու:
 
Լրագրողը հարցրել է Վեդանտ Պատելին՝ չի՞ մտահոգում արդյոք Վաշինգտոնին այն փաստը, որ նման բարձրաստիճան շփումները շարունակվում են՝ առանց Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի լուծման: Պետքարտուղարության փոխխոսնակն արձագանքել է. «Դա երկարաժամկետ գործընթաց է և մշտական գործակցություն է պահանջում, ուստի պետքարտուղարը և մյուսները այսուհետ էլ կենտրոնանալու են այդ խնդրի վրա»:
 
Վեդանտ Պատելը մեկնաբանել է նաև Թբիլիսիի հետ հարաբերությունները, մասնավորապես այն փաստը, որ վրացական կողմը հրավիրվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ չնայած Վաշինգտոնն ավելի վաղ հայտարարել էր, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման ֆոնին վիզային սահմանափակումներ է կիրառում Վրաստանի կառավարության որոշ ներկայացուցիչների նկատմամբ:
 
Պատելը նշել է՝ Վաշինգտոնը խնդիրներ ունի Վրաստանի կառավարության հետ, սակայն կարևոր է համարում քննարկել դրանք և շարունակել երկկողմ հարաբերությունները: «Այդ օրենքը հակասում է Վրաստանի եվրոպական ձգտումներին: Հավատացած ենք, որ այդ հարցին ևս կանդրադառնանք մեր հանդիպումների ժամանակ»,- նշել է պետքարտուղարության փոխխոսնակը:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին