Լեհաստանի և Գերմանիայի առաջնորդները երեքշաբթի լայնածավալ երկկողմ խորհրդակցություններ են անցկացրել՝ նոր թափ հաղորդելու բարիդրացիական հարաբերություններին, որոնք նկատելիորեն թուլացել էին Վարշավայի նախորդ կառավարության օրոք:
Կանցլեր Օլաֆ Շոլցը հանդիպման է ժամանել 12 նախարարի, կառավարության անդամների, այդ թվում՝ պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի ուղեկցությամբ։ Օրակարգի թեմաներն են եղել պատմական հաշտեցումը, միգրացիոն քաղաքականությունը և համաեվրոպական անվտանգության հարցում համագործակցությունը։
Շոլցն ու Տուսկը քննարկել են նաև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո փոխհատուցումների հարցը: Ըստ dpa գործակալության՝ կողմերն «ինտենսիվ երկխոսություն են վարում 1939-1945 թվականներին գերմանական ագրեսիայից և օկուպացիայից ողջ մնացած զոհերին աջակցելու միջոցառումների շուրջ»։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլերի մամուլի քարտուղար Շտեֆեն Հեբեշտրայտը հայտարարել էր, որ Շոլցի՝ Վարշավա կատարած այցի արդյունքում պետք է ընդունվի համապատասխան գերմանա-լեհական գործողությունների ծրագիր։ Ակնկալվում է, որ Գերմանիան Լեհաստանին ֆինանսական օգնության փաթեթ կհատկացնի ՆԱՏՕ-ի արևելյան թևը պաշտպանելու համար, ինչպես նաև կհայտարարի երկրում բնակվող նացիստական օկուպացիայի զոհերին փոխհատուցում տրամադրելու մասին: