Պուտինը և Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը

Պուտինը և Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը


Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները:
«Մոսկվայի և Բաքվի շփումների ծավալը մեծ է։ Եթե ամեն ամիս էլ հանդիպենք, միևնույն է՝ խոսելու բան կլինի»,- դիմել է Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևին։
Կրեմլի ղեկավարը գոհունակություն է հայտնել, որ առևտրատնտեսական գործակցությունը մեծ տեմպերով զարգանում է:
«Ցանկանում եմ նշել ենթակառուցվածքների ոլորտում մեր ծրագրերը, առաջին տեղում է Հյուսիս-Հարավ մայրուղին։ Հնարավորություններ կան այդ թվում՝ էներգետիկայի և արդյունաբերական ոլորտներում»,- շեշտել է Պուտինը:
Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ նա բարձր է գնահատել Ադրբեջանում ռուսաց լեզվի ուսուցման նկատմամբ Իլհամ Ալիևի ուշադրությունը: Ադրբեջանի նախագահն, իր հերթին, ուրախալի է որակել այն փաստը, որ ավելանում են ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկները: Նա ևս անդրադարձել է «Հյուսիս-հարավին»:
«Վճռական ենք՝ ընդլայնելու միջանցքի ենթակառուցվածքը Ադրբեջանի տարածքում, թեև այն ֆիզիկապես գոյություն ունի, այնուհանդերձ չի համապատասխանում նախագիծն առավելագույնս օգտագործելու՝ մեր գործընկերների և հարևանների մտադրություններին»,- ասել է Ալիևը։
«2022 թվականին դաշնակցային գործակցության հռչակագիր ենք ստորագրել: Արդեն ավելի քան 2 տարի է՝ աշխատում ենք որպես դաշնակիցներ և լավ արդյունքներ ենք ցույց տալիս»,- եզրափակել է Ադրբեջանի նախագահը:
Ադրբեջանական կողմի տվյալով՝ նախագահները քննարկել են նաև Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը, Պուտինը հայտարարել է, որ միշտ պատրաստ է աջակցել խաղաղության օրակարգի առաջմղմանը։
Տարածաշրջանային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։