Հայտարարություն

Հայտարարություն

2019 թվականի հունիսի 1-ին ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում Սփյուռքի Միասնության Հարթակի կողմից իրականացվեց թելեթոն դրամահավաքի նախաձեռնությունը, որի նպատակն էր Ջավախքի Ախալցխա քաղաքում ձեռք բերել հողատարածք եւ կառուցել մի համալիր, որը ծառայելու էր տեղի երիտասարդության մարզամշակութային կարիքները բավարարելուն։ Դրամահավաքի ընթացքում հանգանակված գումարը ցավոք չբավարարեց շինություն կառուցելու համար նախատեսված քառակուսի մետրին համապատասխան Ախալցխա քաղաքում հողատարածքի ձեռք բերմանը, ինչի պատճառով որոշում կայացվեց տվյալ գումարով սպորտային գույք ձեռք բերել եւ համապատասխան շինություն վարձակալելով բացել մարզամշակութային կենտրնը։
Սակայն այս ծրագիրը կյանքի կոչելուն նախորդեց կորոնավիրուսի համաշխարհային համաճարակը, որը կարանտինային ռեժիմ մտցրեց մարդկանց կյանքում, ինչի արդյունքում մինչ օրս փակված են մնում բազմաթիվ սպորտային օբյեկտներ եւ մշակութային կենտրոններ, որոնց բացվելը դժվար է կանխատեսել հաշվի առնելով համաճարակի երկրորդ եւ երրորդ ալիքի հնարավոր բռնկումը ինչպես Վրաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Դրանից բացի այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետություն առողջապահական համակարգը լրջագույն խնդրի է բախվել վերոնշյալ համաճարակի պատճառով, ինչի հետեւանքով կորոնավիրուսը Հայաստանում այսօր բազմաթիվ մարդկանց կյանքեր է խլում։ Այս իրավիճակում անչափ կարեւոր է աշխարհասփյուռ համայն հայության ջանքերի կենտրոնացումը Հայաստանի առողջապահական համակարգի խնդիրների լուծման վրա։ Դա եղավ պատճառը, որ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնը որպես ԱՄՆ-ի Սփյուռքի Միասնության Հարթակին դրամահավաքում օգնած կազմակերպություն առաջարկեց թելեթոն դրամահավաքի ողջ գումարը փոխանցել ՀՀ-ում COVID-19-ի կանխարգելման և հաղթահարման համար բացված հատուկ հաշվին։
Սփյուռքի Միասնության Հարթակը երկար քննարկումներից հետո վերջապես ընդունեց Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի առաջարկը եւ մոտակա օրերին դրամահավաքի գումարը ամբողջությամբ կփոխանցեն ՀՀ-ում COVID-19-ի կանխարգելման և հաղթահարման համար բացված հատուկ հաշվին։
Նույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ Ախալցխայում Մարզամշակությային կենտրոն կառուցելու ծրագիրը ոչ մի պարագայում չի չեղարկվելու եւ մնում է ուժի մեջ ու կորոնավիրուսային համաշխարհային համաճարակը ավարտվելուն պես տեղի են ունենալու կոնկրետ քայլեր տվյալ կարեւոր նախագծի իրականացման նպատակով գումար հայթայթելու եւ այն վերջապես կյանքի կոչելու համար։

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն