ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել Վրաստանի վերաբերյալ MEGOBARI Act օրինագծին: Կողմ է քվեարկել 41, դեմ՝ 6 պատգամավոր:
Օրինագիծը ենթադրում է աջակցություն երկրում ժողովրդավարությանը և օրենքի գերակայությանը, ինչպես նաև համապատասխան արձագանք «Վրաստանում ժողովրդավարության վերջին հետընթացին»։ Օրինագիծը կոչ է անում ուժեղացնել վերահսկողությունը Վրաստանի կառավարության գործողությունների և Ռուսաստանի ու Չինաստանի հետ հարաբերությունների նկատմամբ:
Օրինագիծը նախատեսում է պատժամիջոցներ, ինչպես նաև ճանապարհորդության սահմանափակումներ այն անձանց նկատմամբ, որոնք խաթարում են Վրաստանում ժողովրդավարությունը: Նախատեսվում է նաև ժողովրդավարության մոնիթորինգի աշխատանքային խմբի ստեղծում։
Օրինագիծը ենթադրում է նաև «Վրաստանում զգալի ժողովրդավարական առաջընթացի հաստատումից հետո» տարբեր ոլորտներում ԱՄՆ-ի հետագա օգնություն հանրապետությանը։
Այն մոտ ժամանակներս քվեարկության կդրվի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում։