Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ

Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալան Բերսեի հետ։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի կառավարության աշխատակազմի լրատվական ծառայությունը։

Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում կառավարության ղեկավարը շնորհավորել է Ալան Բերսեին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան։ Զրույցի ընթացքում շոշափվել են Վրաստանի և Եվրախորհրդի արդյունավետ համագործակցությունը և կազմակերպության նշանակալի ներդրումը բարեփոխումների իրականացման և երկրի եվրաինտեգրման գործում։

«Ուշադրություն է դարձվել օկուպացված տարածքներում տիրող իրավիճակին և հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Վրաստանի կառավարության քաղաքականությանը, ինչպես նաև միջազգային մեխանիզմների արդյունավետության բարձրացման կարևորությանը։ Հանդիպմանը քննարկվել են նաեւ միջազգային հանրության առջեւ ծառացած մարտահրավերները, այդ թվում՝ անվտանգությունը։ Ընդգծվել է դրանց դեմ պայքարի գործընթացում համատեղ ջանքերի անհրաժեշտությունը և նշվել, որ խաղաղությունն այլընտրանք չունի»,- ասված է տեղեկատվության մեջ։