Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը. ՀՀ ԱԳՆ

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը. ՀՀ ԱԳՆ

Խստորեն դատապարտում ենք հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը, որի հետևանքով Արցախի Նորշեն գյուղի մերձակայքում վիրավորվել է Արցախի պաշտպանության բանակի 6 զինծառայող։ Ադրբեջանական կողմը շարունակել է հրադադարի խախտումները նաև այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ՝ գնդակոծելով Պաշտպանության բանակի սանիտարական մեքենան:

Արձանագրում ենք, որ ադրբեջանական կողմից մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման երկրորդ լուրջ միջադեպն է, որի արդյունքում տուժում են քաղաքացիական և զինվորական անձինք: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Արցախի Մարտակերտ քաղաքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու ժամանակ դիպուկահար կրակոցից սպանվել էր քաղաքացիական անձ Արամ Տեփնանցը․ ՀՀ ԱԳՆ համապատասխան հայտարարության մեջ հստակ նշված էր այդ հանցագործությունը պատշաճ կերպով հետաքննելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։

Կարևորում ենք ՌԴ խաղաղապահ ուժերի միջնորդությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը՝ հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման և հետագայում նման միջադեպերի կանխման նպատակով։