Սաուդյան Արաբիան շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի ամրապնդմամբ

Սաուդյան Արաբիան շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի ամրապնդմամբ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի արքայազն, Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի և Երեխաների զարգացման արաբական խորհրդի նախագահ Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդի հետ։

Արքայազնը Հայաստան է այցելել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին անցկացվող «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» խորագիրը կրող միջազգային համաժողովի շրջանակներում: Ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստան այցելելու և միջազգային համաժողովին մասնակցելու համար:

«Մենք լավատեղյակ ենք Ձեր և ձեր հիմնադրամի մարդասիրական գործունեությանն ու շատ բարձր ենք այն գնահատում: Աշխարհում այսօր իրապես էլ սոցիալական արդարությունը պակասում է, ինչը բերում է լրջագույն խնդիրների, Ձեր գործունեությունը նպաստում է այդ խնդիրները կանխարգելելուն, ինչը շատ կարևոր առաքելություն է»,- ասել է նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Նորին թագավորական մեծություն արքայազնը նշել է, որ շատ ուրախ է առաջին անգամ Հայաստան այցելելու համար և լայն հնարավորություններ ու ներուժ է տեսնում երկու երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության խորացման հնարավորությունները՝ ընդգծելով սոցիալական և կրթական ծրագրերի, ինչպես նաև երիտասարդների զարգացման նախաձեռնությունների կարևորությունը։

Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Աբդուլազիզ բին Թալալի մարդասիրական գործունեությունը և նրա աջակցությունը աղքատության հաղթահարման ու կրթական բարեփոխումների ուղղությամբ։ Նա նշել է, որ Հայաստանի համար կարևոր է ունենալ նման գործընկերներ, ովքեր կիսում են կայուն զարգացման և սոցիալական արդարության հաստատման և առաջընթացի նպատակները։

Հանդիպման ընթացքում կողմերը շեշտել են տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը: Ընդգծվել է քաղաքացիական հասարակության դերը՝ որպես արդյունավետ կառավարման և հաշվետվողականության երաշխավորման կարևոր գործոն։ Կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, որը հնարավորություն է ստեղծում երկկողմ համագործակցության հետագա զարգացման համար։

Նրանք անդրադարձել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև առկա փոխգործակցության ներուժի կյանքի կոչման լայն հնարավորություններին՝ մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, մշակույթի, գիտության, կրթության և այլ ոլորտներում։ Աբդուլազիզ բին Թալալը նշել է, որ Սաուդյան Արաբիան շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի ամրապնդմամբ և պատրաստ է աջակցել երիտասարդությանը միտված ծրագրերին, որոնք կնպաստեն գիտելիքի և հմտությունների փոխանակմանը։