«Տոները Ջավախքում. Ախալքալաքի շրջան» ծրագիրը հասավ իր ավարտին

«Տոները Ջավախքում. Ախալքալաքի շրջան» ծրագիրը հասավ իր ավարտին
Ավարտվեց  «Տոները Ջավախքում. Ախալքալաքի շրջան» ծրագիրը, որի նպատակն էր Ախալքալաքի շրջանի առանձին բնակավայրերի քաղաքային ու գյուղական, պետական, ազգային և հոգևոր տոների ուսումնասիրությունը, դրանց առանձնահատկությունների բացահայտումը, հանրայնացումն ու սերունդներին փոխանցումը:
Ծրագիրն իրականացվել է Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհի շրջանակներում: Ծրագրի իրականացման գործում զգալի ներդրում է ունեցել նաև «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպությունը:
Ծրագրում ընդգրկված էր Ախալքալաք քաղաքը և շրջանի 9 գյուղեր՝ Մաջադիա, Վարևան, Կորխ, Աբուլ, Բարալեթ, Կարծախ, Արագովա, Կոթելիա և Խանդո:
Բնակավայրերի ընտրության հարցում հաշվի էր առնվել նաև վրացաբնակ և կաթոլիկ գյուղերը, որպեսզի Ջավախքի տոների պատկերը համընդգրկուն լինի։
Ծրագիրն իրականացրեցին համերաշխ և խոհեմ աշխատանքային խմբի անդամները. ծրագրի ղեկավար՝ մանկավարժական գիտությունների թեկնածու Նարինե Սիրականյանը, ծրագրի համակարգող Մարինե Այվազյանը, ազգագրագետ խոորհրդատու, պատմական գիտությունների թեկնածու Գոհար Ստեփանյանը, էլեկտրոնային գրքի խմբագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Վահագն Սարգսյանը և իհարկե մեր հրաշք կամավորները՝ Տիրուհի Թորոսյանը, Համբարձում Սահարյանը, Սոսե Գրիգորյանը, Զարուհի Ավետիսյանը, Ասյա Բադիշյանը, Մարինե Անտանոսյանը, Ալյոնա Ծառուկյանը, Անահիտ Ժամկոչյանը, Ժենյա Չթչյանը և Նաիրա Աբրահամյանը:
Դեկտեմբերի 17-ին «Ջավախք» հբհկ գրասենյակում տեղի ունեցավ ծրագրի արգասիք հանդիսացող էլեկտրոնային գրքի շնորհանդեսը, որի առթիվ ելութներ ունեցան «Ջավախք» հբհկ նախագահ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, Նարինե Սիրականյանը, Վահագն Սարգսյանը, Գոհար Ստեփանյանը և կամավորներ Տիրուհի Թորոսյանը, Համբարձում Սահարյանը, Ալյոնա Ծառուկյանը և Զարուհի Ավետիսյանը:
Գեղեցիկ կատարումներով հանդես եկան սիրված երգիչ Մասիս Հունանյանը և գուսան Էդիկ Թամարյանը: Արտիստիկ ասմունքով հանդես եկավ կամավոր Ալյոնա Ծառուկյանը:
Բոլոր կամավորները «Ջավախք» հբհկ-ի կողմից արժանացան շնորհակալագրերի:
Էլեկտրոնային գիրքը հասանելի է Հայաստանի ազգային գրադարանի վիրտուալ հարթակում հետևյալ հղումով՝ https://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl…