Ուկրաինայի իշխանությունները մերժել են ընտրություն անցկացնելու ԱՄՆ կոչը

Ուկրաինայի իշխանությունները մերժել են ընտրություն անցկացնելու ԱՄՆ կոչը


Ուկրաինայի նախագահի հաղորդակցության հարցերով խորհրդական Դմիտրի Լիտվինը դեմ է արտահայտվել ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի կոչին՝ երկրում ընտրություն անցկացնել մինչև տարեվերջ։ Ուկրաինացի պաշտոնյան համապատասխան մեկնաբանություն է հրապարակել X սոցիալական ցանցում։

Կիևում Վաշինգտոնին կոչ են արել «ավելի խոր մոտեցում ցուցաբերել»։ «Եթե ԱՄՆ ծրագիրը միայն հրադադար է և ընտրություններ, ապա դա ձախողված ծրագիր է: Պուտինին միայն այս երկու հարցով չես կարող վախեցնել»,- գրել է Լիտվինը:

«Մոսկվան շարունակում է մեծացնել հրթիռների և զինամթերքի արտադրությունը, պատժամիջոցները շրջանցելու և նավթից փող աշխատելու նոր ուղիներ գտնել, և ակնհայտ է, որ այդ բոլոր զենքերը չեն ստեղծվում ժողովրդավարական հարևաններին հարգելու համար։ Մենք, անշուշտ, կնախընտրեինք առանցքային գործընկեր պետությունների պաշտոնյաների ավելի խոր մոտեցում տեսնել»,- հավելել է Վոլոդիմիր Զելենսկու խորհրդականը:

Ուկրաինայում նախագահի հերթական ընտրությունը պետք է կայանար 2024 թվականի մարտի 31-ին։ Այն տեղի չի ունեցել, քանի որ երկրում ռազմական դրություն է սահմանվել։ Ուկրաինայի Սահմանադրությունն ուղղակիորեն չի արգելում նախագահի ընտրություն անցկացնել ռազմական դրության ժամանակ՝ ի տարբերություն Գերագույն ռադայի ընտրության։ Սակայն նման արգելք սահմանվում է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի մակարդակով։

Հունվարի վերջին Ռուսաստանի նախագահը հայտարարել է. «Զելենսկին իր ոչ լեգիտիմության պատճառով իրավունք չունի որևէ բան ստորագրելու»։