Երևանում կայացավ Վաղինակ Ղազարյանի հեղինակած «Գանձա» գրքի շնորհանդեսը

Երևանում կայացավ Վաղինակ Ղազարյանի հեղինակած  «Գանձա» գրքի շնորհանդեսը
Ապրիլի 14-ին  Երևանի Կինոյի տանը տեղի ունեցավ Վաղինակ Ղազարյանի հեղինակած մեծածավալ «Գանձա» գրքի շնորհանդեսը։
 Շուրջ 500 հայաստանաբնակ գանձացիներ հավաքվել էին իրենց ու իրենց գյուղի մասին մանրակրկիտ ու խորաթափանցորեն պատմող գրքի լույս աշխարհ գալը տոնելու։
Բացման խոսքով հանդես եկավ «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպության հախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը։
Ելույթներ ունեցան գրքի խմբագիր և հրատարակիչ Վահագն Սարգսյանը, գրքի մուտքի խոսքի հեղինակ Սարիբեկ Հակոբյանը, Ղազարյանների հարս՝ մանկավարժ Հասմիկ Հարությունյանը և գործարար Անի Ղազարյանը։
Բանախոսները դրվատանքի և երախտիքի խոսքեր հնչեցրին Վաղինակ Ղազարյանի մասին՝ բարձր գնահատելով հեղինակի տասնամյակների տիտանական աշխատանքը։
 «Գանձա» գիրքը Գանձայի և գանձացիների մասին խորքային լուրջ ուսումնասիրություն է, որը շատ օգտակար կարող է լինել նաև Ջավախքի պատմությամբ և ազգագրությամբ հետաքրքրվողների համար:
Ելույթները եզրափակեց գրքի հեղինակ Վաղինակ Ղազարյանը, ով նաև ներկայացրեց հրատարակվելիք երկրորդ հատորի հակիրճ բովանդակությունը։
Ապա հանդիսատեսը վայելեց անվանի կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Սպիտակ քաղաք» ֆիլմը։
Վերջում  համագյուղացիները ջերմորեն շփվեցին, գնեցին գիրքը՝ որպես աջակցություն երկրորդ հատորի հրատարակման համար, իսկ հեղինակն անձամբ մակագրեց դրանք։
«Գանձա» գրքի հովանավորներն են «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպությունը՝ նախագահ Շիրակ Թորոսյան, Գանձայի ռուսաստանաբնակ համայնքը՝ համակարգող Արայիկ Հակոբյան և գործարար Անի Ղազարյանը։
«Այս ջերմ ու գեղեցիկ, ուրախ և հուզական մթնոլորտում ամենուրեք ճախրում էր մեծագույն գանձացի Վահան Տերյանի ոգին, քանզի աշխարհում չկա գեթ մեկ գանձացի, որ իր հոգու խորքում չունենա իր Տերյանը։
Շատ խորհրդանշական է, որ «Գանձա» գիրքը լույս տեսավ Վահան Տերյանի ծննդյան 140 ամյակի տարում՝ յուրօրինակ շարունակություն դառնալով Տերյանական հոբելյանական միջոցառումների համար»,-նշեց «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպության  նախագահ Շիրակ Թորոսյանը։