Իրանը վճռական է՝ շարունակելու ԱԷՄԳ-ի հետ գործակցությունը իրանական միջուկային ծրագրի շուրջ. Արաղչի

Իրանը վճռական է՝ շարունակելու ԱԷՄԳ-ի հետ գործակցությունը իրանական միջուկային ծրագրի շուրջ. Արաղչի


Միջուկային գործարքի շուրջ Թեհրան-Վաշինգտոն բանակցությունների ֆոնին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը մեկնել է Իրան:

Ռաֆայել Գրոսիին ընդունել է Իսլամական Հանրապետության արտգործնախարարը: Աբբաս Արաղչին Գրոսիին կոչ է արել չտրվել որոշ պետությունների գործադրած ճնշմանը և կատարել գործակալության ստանձնած պարտավորությունները:

Նրա խոսքով՝ Իրանը վճռական է՝ շարունակելու Գործակալության հետ համագործակցությունը և կարգավորելու իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը: Արաղչին Գրոսիին տեղեկացրել է Օմանում Թեհրանի և Վաշինգտոնի բանակցությունների առաջընթացի մասին։ Նա ընդգծել է երկխոսության և դիվանագիտության կարևորությունը:

Գրոսսին էլ համոզմունք է հայտնել, որ Գործակալության և Թեհրանի գործակցությունն անհրաժեշտ է՝ երաշխավորելու միջուկային ծրագրի խաղաղ բնույթը:

Ավելի վաղ՝ Դոնալդ Թրամփը հայտարարաել էր, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ: ԱՄՆ նախագահը չէր բացառել Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողությունների և միջուկային օբյեկտների խոցման հնարավորությունը: