Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին:
«Խորապես վշտացած եմ Փահալգամում տեղի ունեցած նողկալի ահաբեկչական հարձակումից։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին։ Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունը՝ իր բոլոր դրսևորումներով։
Մեր մտքերն ու աղոթքները Հնդկաստանի բարեկամ ժողովրդի հետ են»,- գրված է վարչապետի X-ի էջում։
X-ի իր էջում ցավակցություն է հայտնել նաև ՀՀ ԱԳ նախարարությունը:
«Ցնցված ենք Փահալգամում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչական հարձակման մասին լուրից։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Հայաստանը եղբայրական Հնդկաստանի կողքին է ահաբեկչության ցանկացած դրսևորման դեմ»,- գրված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում։
Հիշեցնենք՝ առնվազն 28 մարդ է զոհվել Հնդկաստանի հյուսիսի Ջամու և Քաշմիր նահանգում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով: