Ավստրալիայի Վիկտորիա նահանգի խորհրդարանի Օրենսդիր ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորները հայտարարություններ են արել Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա առիթով:
Պատգամավոր Քիմ Վելսը հայտարարել է. «Այս հայտարարությունն ուղղված է ընդունելու Հայոց ցեղասպանության հիշատակի օրը։ Այս տարի լրանում է 1915 թվականի ապրիլի 24-ին սկսված՝ հայերին, հույներին և ասորիներին հասցված սարսափելի իրադարձության 110-րդ տարելիցը: Հրաշալի հայկական համայնքը մեր նահանգի կենսական մասն է:
Բազմաթիվ հայ ընտանիքներ բնակվում են Ռովիլի ընտրատարածքում և հարակից շրջաններում՝ հարստացնելով մեր համայնքն իրենց պատմությամբ, մշակույթով և դիմակայությամբ: Ես երջանիկ եմ, որ հաճախում եմ հայ համայնքի կանոնավոր միջոցառումներին, քանի որ նրանց մշակույթը շարունակում է ոգեշնչել ինձ: Նրանց ավանդույթները, միասնության ուժեղ զգացումը և անցյալը հիշելու անմնացորդ նվիրումը արտացոլում են հայ ժողովրդին բնորոշ տոկունության ոգին:
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի խորհրդարանի Օրենսդիր ժողովի պատգամավոր Էն-Մարի Հերմանսը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, որը ոգեկոչում է մարդկության ծանրագույն սարսափներից մեկի 110-րդ տարելիցը: «Մոտ 1,5 միլիոն հայ, 500000 ասորի և 350000 հույն հալածվել և սպանվել է 1915 թվականի ապրիլի 24-ից մինչև 1923 թվականը»,- նշել է պատգամավորը: