Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետի տեղակալ Մկրտիչ Մղդեսյանը և սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը շնորհակալագրեր են հանձնել Ախալքալաքի երաժշտական դպրոցի տնօրեն Սվետլանա Կարոյանին և երգչախմբի ուսուցիչ Ազնիվ Վարդանյանին՝ մունիցիպալիտետում ժողովրդական երգարվեստի զարգացման և պահպանման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։
Հատկանշական է, որ երաժշտական դպրոցի երգչախումբը մասնակցել է Մառնեուլիում կայացած «Որտե՞ղ է մյուս Վրաստանը» փառատոն-մրցույթի գալա համերգին և Վրաստանի 16 մունիցիպալիտետների ներկայացուցիչների միջև զբաղեցրել պատվավոր երկրորդ հորիզոնականը։
Մելքոն Մակարյանը շնորհավորել է աշակերտներին և մանկավարժներին արձանագրած հաջողության առթիվ՝ ընդգծելով նրանց ներդրումը մշակութային արժեքների պահպանման և երիտասարդ սերնդի գեղագիտական դաստիարակության գործում։ Շնորհակալագրերի հետ միասին նրանց հանձնվել են նաև խորհրդանշական նվերներ։
Տեղական իշխանությունների ներկայացուցիչները հաջողություններ և նոր ստեղծագործական նվաճումներ են մաղթել երաժշտական դպրոցի կոլեկտիվին՝ վստահություն հայտնելով, որ նրանց ձեռքբերումները շարունակելու են արժանապատվորեն ներկայացնել Ախալքալաքի մունիցիպալիտետը հանրապետական և միջազգային հարթակներում։
