Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի աջակցությամբ և Ա(ա)ԻՊ «Ակումբների միավորման» կազմակերպմամբ, մշակույթի տան դահլիճում անցկացվել է «Ջավախքի գարուն–2026» երգի և պարի ամենամյա փառատոն-մրցույթը։
Արդեն տասնվեցերորդ անգամ անցկացվող միջոցառմանը մասնակցել են «Ակումբների միավորման» անսամբլի սաները, ինչպես նաև երաժշտական կատարողներ և ստեղծագործական խմբեր մունիցիպալիտետի տարբեր վարչական միավորներից։
Փառատոնի շրջանակում ֆոլկլորային համույթներն ու անհատ կատարողները հանդիսատեսին ներկայացրել են բազմաժանր և հետաքրքիր համերգային ծրագիր։ Երաժշտական մարաթոնի ընթացքում բեմադրվել է 31 համար, որոնք արտացոլել են ազգային երգի, պարի և աշուղական արվեստի լավագույն ավանդույթները։
Մրցույթի արդյունքներն ամփոփել է հատուկ ձևավորված ժյուրին, որը որոշել է հաղթողներին։ Լավագույն մասնակիցները պարգևատրվել են պատվավոր կոչումներով, մրցանակներով, վկայականներով և հուշանվերներով։
Միջոցառման ընթացքում Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետի տեղակալ Մկրտիչ Մղդեսյանը շնորհակալագիր է հանձնել Ակումբների միավորման ղեկավար Վալիկո Քսպոյանին՝ աշուղական արվեստի ոլորտում ունեցած ձեռքբերումների և մունիցիպալիտետում մշակույթի ու արվեստի տարբեր ուղղությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։
Փառատոնին ներկա են եղել Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետերը, Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հրավիրված հյուրեր և տարբեր վարչական միավորների բնակիչներ։
«Ջավախքի գարուն» մրցույթ-փառատոնի հիմնական նպատակը աշուղական պոեզիայի, բանահյուսության, ազգային երգի և պարի հարուստ ավանդույթների պահպանումը, հանրահռչակումը և փոխանցումն է նոր սերունդներին։
