2026-2027 ուսումնական տարվանից Վրաստանում տարրական դասարանների աշակերտների համար դպրոցական համազգեստ կրելը կդառնա պարտադիր։ Այս նպատակով Կրթության, գիտության և երիտասարդության նախարարության «Կրթական ռեսուրսներ» ՍՊԸ-ն դպրոցական համազգեստների արտադրության վերաբերյալ պայմանագիր է կնքել «Glory Textile Industry» ՍՊԸ-ի հետ։
Կրթության նախարարության տարածած տեղեկատվության համաձայն՝ ընկերության կարի գործարանը գտնվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում։ Պայմանագրով նախատեսվում է կարել ընդհանուր առմամբ 1 միլիոն 801 հազար դպրոցական համազգեստ։
Նախարարությունում նշում են, որ համազգեստների տրամադրման գործընթացը կիրականացվի երեք փուլով՝ օրենսդրության պահանջներին և թափանցիկության սկզբունքներին լիարժեք համապատասխան։
Գերատեսչության գնահատմամբ՝ դպրոցական համազգեստի պարտադիր կիրառումը կնպաստի դպրոցներում ավելի հավասար, առողջ և կազմակերպված ուսումնական միջավայրի ձևավորմանը, ինչպես նաև կօգնի նվազեցնել աշակերտների միջև առկա սոցիալական տարբերությունները։
Նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ համազգեստների ժամանակին մատակարարումն ապահովելու նպատակով Վրաստանի կառավարության որոշմամբ «Կրթական ռեսուրսներ» ՍՊԸ-ին դպրոցական համազգեստների ձեռքբերման լիազորություն է տրվել պարզեցված ընթացակարգով։
