Ախալցխայի Ծուղրութ գյուղում արձանագրվել է Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդի դեպք

Ախալցխայի Ծուղրութ գյուղում արձանագրվել է Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդի դեպք

Այս տարի Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդի դեպք է գրանցվել Ախալցխայի մունիցիպալիտետի Ծուղրութ գյուղում։ Հիվանդությունը ախտորոշվել է 70 տարեկանից բարձր տղամարդու մոտ։

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետարանից հայտնել են, որ դեպքը գրանցվել է անցյալ ամիս։ Տղամարդը բուժում է ստացել կլինիկայում և արդեն դուրս է գրվել։ Ներկայումս նա գտնվում է տնային պայմաններում՝ բժիշկների հսկողության ներքո։

Մասնագետները հիշեցնում են, որ Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդը մարդու մոտ կարող է զարգանալ վարակված տիզի խայթոցից կամ դրա հետ անմիջական շփումից հետո՝ 1-9 օրվա ընթացքում։ Հիվանդությունը բնութագրվում է բարձր ջերմությամբ, մաշկի և խայթոցի հատվածում կապտուկների առաջացմամբ, ինչպես նաև ներքին օրգաններից արյունահոսության վտանգով։

Ախտանիշները սովորաբար սկսվում են հանկարծակի՝ դողով և բարձր ջերմությամբ։ Հիվանդների մոտ կարող են դիտվել մինչև 39-40 աստիճան մարմնի ջերմություն, ուժեղ գլխացավ, մկանային ցավեր, փսխում և լուծ։ Բժիշկների խոսքով՝ հիվանդությունը կարող է ընթանալ ծանր ձևով և ժամանակին բուժում չստանալու դեպքում հանգեցնել մահվան։

Բարձր ռիսկի խմբում են ֆերմերները, անասնապահները, անասնաբույժները, ինչպես նաև այն անձինք, որոնք սերտ շփում ունեն վարակված մարդկանց կամ կենդանիների հետ։

Առողջապահության ոլորտի մասնագետները կոչ են անում պահպանել տիզերից պաշտպանվելու կանոնները և ախտանիշների ի հայտ գալու դեպքում անհապաղ դիմել բժշկի։