Եվրախորհրդարանը և եվրոպական բյուրոկրատիան դժվարին իրավիճակում են, և վրաց հասարակությանը չի հետաքրքրում հակավրացական ևս մեկ բանաձևի ընդունումը։ Այս մասին լրագրողներին ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Եվրախորհրդարանի պատգամավորները հինգշաբթի բանաձև են ընդունել, որում դատապարտել են ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունն արգելելու՝ Վրաստանի իշխանությունների ծրագրերը, կոչ արել բանտից ազատել ընդդիմադիրներին, այդ թվում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն և ԵՄ-ից պահանջել են պատժամիջոցներ սահմանել իշխող «Վրացական երազանք — Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր ու պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլու, վարչապետ Իրակլի Կոբախիձեի, խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլու և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի նկատմամբ:
Վրաստանի հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ սկսեցին վատթարանալ , երբ Վրաստանի խորհրդարանը 2024 թվականի մայիսին ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը, ինչի պատճառով Արևմուտքում հայտարարեցին, որ Վրաստանը շեղվել է եվրոպական արժեքներից և չի գնում ԵՄ ինտեգրման ճանապարհով։ Դրանից հետո ԱՄՆ-ն և ԵՄ երկրները սկսեցին պատժամիջոցներ կիրառել Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ։
Արևմուտքը դժգոհություն է հայտնել նաև 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանի ընտրության արդյունքներից։ Իշխող «Վրացական երազանք — Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հաղթեց ընտրությունում, սակայն ընդդիմությունը և նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվեցին արդյունքները ճանաչելուց։
