Թբիլիսիի Ազգային պալատում Շախմատի ակումբի և Վրաստանի շախմատի ֆեդերացիայի համատեղ կազմակերպմամբ տեղի է ունեցել աշխարհի կրկնակի չեմպիոն, լեգենդար շախմատիստ Տիգրան Պետրոսյանի անվան 19-րդ առաջնության մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը մասնակցել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը, ով մրցանակ է հանձնել մինչև 12 տարեկանների խմբի հաղթողին։
Մրցաշարի կազմակերպիչ, գրոսմայստեր Նանա Ալեքսանդրիայի խոսքով՝ հենց այս տարիքային խմբի հաղթողին ՀՀ դեսպանի կողմից մրցանակի հանձնումը խորհրդանշական նշանակություն ունի, քանի որ Տիգրան Պետրոսյանը նույն տարիքում դարձել էր այդ ակումբի սան՝ այդպիսով սկիզբ դնելով իր փառահեղ շախմատային ուղուն։
Աշոտ Սմբատյանը շնորհավորել է մրցաշարի հաղթողներին՝ մաղթելով նրանց նոր հաջողություններ և մարզական նվաճումներ։ Դեսպանը նաև իր երախտագիտությունն է հայտնել կազմակերպիչներին՝ աշխարհահռչակ շախմատիստ Տիգրան Պետրոսյանի հիշատակը վառ պահելու և նրա ժառանգությունը նոր սերունդներին փոխանցելու համար։
