Ախալքալաքի մունիցիպալիտետում ավարտվել է կանանց քաղաքային առաջնությունը շախմատի, նարդու և սեղանի թենիսի մարզաձևերում, որը կազմակերպվել էր քաղաքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից։
Երկօրյա մարզական միջոցառումն անցկացվել է մարզադպրոցի դահլիճում և շախմատի դպրոցի տարածքում։ Առաջնությանը մասնակցել է 28 մարզուհի, որոնք իրենց ուժերն են չափել տարբեր մարզաձևերում՝ ցուցաբերելով բարձր պատրաստվածություն և մրցակցային ոգի։
Մրցաշարի ավարտին Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետի տեղակալ Մկրտիչ Մղդեսյանը, սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները շնորհավորել են մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին՝ մաղթելով նոր հաջողություններ և նվաճումներ։
Հաղթողները պարգևատրվել են մեդալներով, դիպլոմներով և խորհրդանշական նվերներով։
