Զելենսկին Դուբլինում հանդիպել է Թրամփի բանագնացների հետ․ քննարկվել է գերիների ամենախոշոր փոխանակումը

Զելենսկին Դուբլինում հանդիպել է Թրամփի բանագնացների հետ․ քննարկվել է գերիների ամենախոշոր փոխանակումը


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նոյեմբերի 12-ի երեկոյան Դուբլինում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթքոֆի հետ։ Ինչպես հայտնում են AFP գործակալությունն ու ուկրաինական «Սուսպիլնե» առցանց պարբերականը, հանդիպումն անցկացվել է Դուբլինի մերձակայքում՝ Բալդոնել քաղաքի Քեյսմենթ ռազմական ավիաբազայի տարածքում։

AFP-ի տեղեկություններով՝ ամերիկացի բանակցողները մտադիր էին Ուկրաինայի նախագահին ներկայացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքները, որի ընթացքում քննարկվել է Ուկրաինայում խաղաղության հաստատման հարցը։

Հանդիպումից հետո Զելենսկին, Ուիթքոֆն ու Քուշները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։ Ուկրաինայի նախագահը ներկայացրել է ամերիկացի ներկայացուցիչների՝ Մոսկվա կատարած այցի հիմնական արդյունքները։ Նրա խոսքով՝ գլխավոր պայմանավորվածություններից մեկը Ռուսաստանի հետ գերիների փոխանակումն է, որը կարող է դառնալ պատերազմի սկզբից ի վեր ամենախոշորը։

Զելենսկին նաև հայտնել է, որ ամերիկյան կողմին հաջողվել է առաջընթաց գրանցել եվրոպական երկրների ներգրավման հարցում։ Նրա խոսքով՝ բանակցությունների հաջորդ փուլին եվրոպացի ներկայացուցիչները կմասնակցեն որպես բանակցային թիմի անդամներ և կունենան իրենց խոսքի իրավունքը։

Հիշեցնենք, որ Թրամփի ներկայացուցիչների հանդիպումը Պուտինի հետ կայացել է նոյեմբերի 12-ին՝ Մոսկվայում։ Դրան նախորդել էին նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում ԱՄՆ միջնորդությամբ անցկացված ուկրաինական և ռուսական պատվիրակությունների երկօրյա բանակցությունները։

«Մինչև ամերիկացի բանագնացների հետ հանդիպումը Զելենսկին Դուբլինում հանդիպել է նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականների, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ներկայացուցիչների հետ։ Ուկրաինայի նախագահը Telegram-ի իր էջում հայտնել է, որ շնորհակալություն է հայտնել գործընկերներին ամերիկյան կողմի հետ երկխոսությանը մասնակցելու, կառուցողական մոտեցման և աջակցության համար։

«Քննարկել ենք վերջին շաբաթներին և օրերին Բրյուսելում ու Աբու Դաբիում կայացած հանդիպումները։ Մենք բոլորս դրական ենք գնահատում բանակցությունների վերսկսումը։ Սակայն անհրաժեշտ է, որ այս պատերազմին վերջ դնելու համար հնարավոր լուծումների որոնումը լինի իրատեսական, պրագմատիկ և հնարավորինս ընդգրկի Եվրոպան»,- գրել է Զելենսկին։