Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեն ծանոթացել է Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում իրականացվող և նախատեսվող ճանապարհային ենթակառուցվածքային նախագծերին՝ անդրադառնալով նաև տարածաշրջանի հիմնական ճանապարհների վերականգնման ծրագրերին։
Նախարարի խոսքով՝ Կարծախի ուղղությամբ ճանապարհի ներկայիս վիճակը խիստ անբավարար է։ Խնդիրն ամբողջությամբ լուծելու նպատակով արդեն անցկացվել է մրցույթ, ընտրվել է հաղթող ընկերությունը, որը կվերակառուցի ճանապարհն ամբողջ երկարությամբ՝ ներառյալ նախկինում վերականգնված հատվածները։ Աշխատանքներն իրականացվելու են արդիականացված տեխնոլոգիաներով։
«Մեր ծրագրի համաձայն՝ մինչև 2028 թվականի գարուն կունենանք Թուրքիան կապող ժամանակակից և ամբողջական ճանապարհ, որը տասնամյակներ շարունակ կծառայի ինչպես միջազգային տարանցիկ երթևեկությանը, այնպես էլ տեղի բնակչությանը», — նշել է Ռևազ Սոխաձեն։
Այցի ընթացքում գնահատվել է նաև Ախալցխա-Ասպինձա ճանապարհի ներկայիս վիճակը։ Սողանքային հատվածներն ամրացնելու և ճանապարհային անվտանգությունն ապահովելու նպատակով նախատեսվել ու իրականացվել են անհրաժեշտ ինժեներական միջոցառումներ։
