«Եվրաքվե» նախաձեռնությունն արժանացել է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի 2026 թ. մրցանակին

«Եվրաքվե» նախաձեռնությունն արժանացել է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի 2026 թ. մրցանակին


Նոյեմբերի 24-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում «Եվրաքվե» նախաձեռնությունն արժանացել է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի 2026 թ. Քաղհասարակության մրցանակին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը:

«Մրցանակի հանձնումը տեղի է ունեցել հանդիսավոր պայմաններում։ Տեսաուղերձով իր շնորհավորանքի խոսքը հնչեցրել է Եվրոպական միության ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսը։ Մրցանակը հանձնել է Ֆորումի ղեկավար կոմիտեի համանախագահ Լիլյանա Պալիհովիչը։

Անհրաժեշտ եմ համարում շեշտել, որ այս մրցանակին Հայաստանը նախկինում արժանացել էր միայն մեկ անգամ՝ 2018 թ.։ Այն շնորհվել էր «Ռեստարտ» նախաձեռնության այն ժամանակվա անդամ Դավիթ Պետրոսյանին՝ հեղափոխության գործում երիտասարդության ունեցած ներդրման համար։

Մրցանակը Հայաստանի ազգային պլատֆորմի համաձայնությամբ «Եվրաքվե» նախաձեռնության անունից ստացավ մեր լուսահոգի գործընկեր, «Խաղաղության երկխոսություն» կազմակերպության նախագահ Էդգար Խաչատրյանի դուստր Էլինա Խաչատրյանը։

Նա իր երախտագիտության խոսքում թվեց քաղհասարակության այն գործընկերներին, որոնք նախաձեռնության մաս էին կազմել կամ խոսքով և գործով աջակցել էին նախաձեռնությանը։

«… այս ձեռքբերման հետևում իրական մարդիկ են, որոնցից ոմանք այսօր ներկա են մեզ հետ դահլիճում։ Նրանց նվիրումը գնահատանքի է արժանի։

«Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպությունից Հովսեփ Խուրշուդյանը նախաձեռնության շարժիչ ուժերից էր, «Իրավունքի Եվրոպա» միավորում ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանը հսկայական ջանքեր ներդրեց տեքստի շուրջ բանակցելու, ինչպես նաև հանրությանը Եվրոպայի և Եվրոպական միության հիմքում ընկած գաղափարը ներկայացնելու ուղղությամբ։

Կցանկանայի նաև նշել «Կանանց նկատմամբ բռնության դեմ կոալիցիայից» Նվարդ Մանասյանին, որն օգնեց ավելի լսելի դարձնել կանանց ձայնը։ Շնորհակալություն եմ հայտնում Հասմիկ Ասլանյանին և Լուսինե Պետրոսյանին, որոնք հավաքեցին ստորագրությունները, Ստեփան Գրիգորյանին, որն իր YouTube-ի ալիքի միջոցով բարձրացրեց հանրային իրազեկությունը, Լևոն Բարսեղյանին, որը Գյումրիում կազմակերպեց նախաձեռնության առաջին միջոցառումը, Արթուր Սաքունցին, որը Վանաձորում առաջինը միացավ նախաձեռնությանը, Էլեն Մանասերյանին, որը ոգեշնչեց հայ աշխատավորներին՝ աջակցելու այս գործին, և Արզուման Հարությունյանին՝ այս գաղափարին իր նվիրման համար։

Մեր շնորհակալությունն ենք հայտնում հատկապես Արտակ Զեյնալյանին, որն օգնեց ընդհանուր նպատակադրումը վերածել օրենսդրական առաջարկի»։

Մեծապես ափսոսում եմ, որ այս հիշարժան միջոցառմանը մեզ չկարողացավ միանալ մեր սիրելի գործընկեր Հովսեփ Խուրշուդյանը, որը Հայաստանում մասնակցում էր վարժական հավաքների»,- գրել է նա։