Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան ժամանակավորապես սահմանափակել է Ռուսաստանին տրամադրվող ռազմական աջակցությունը: Ըստ հետախուզության մամուլի ծառայության տարածած հայտարարության՝ որոշումն անձամբ կայացրել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը: Հրապարակման պահին Մոսկվան և Փհենյանը չեն մեկնաբանել այդ տեղեկատվությունը: Երկու երկրի պաշտոնյաները վերջերս խոսել են իրենց գործընկերության և «մարտական համագործակցության» մասին:
Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը պնդում է, որ Մոսկվայի և Փհենյանի միջև լարվածությունը, իբր, առաջացել է հոկտեմբերին՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հայտարարությունից հետո: Նա ասել է, որ ապագայում Կրեմլը կնպաստի Սեուլի և Փհենյանի միջև հարաբերությունների լիցքաթափմանը: Կիևի տվյալներով՝ Հյուսիսային Կորեայում դա բացասաբար են ընդունել։
Հոկտեմբերի վերջին ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարար Չովե Սոն Հին հայտարարել էր, որ նման արտահայտությունները չեն համապատասխանում ՌԴ-ի հետ դաշնակցային պայմանավորվածությունների բնույթին, բացատրություն է պահանջել Հարավային Կորեայի նկատմամբ ռուսական քաղաքականության վերաբերյալ և հայտնել է Ռուսաստանին տրամադրվող ռազմական աջակցության ժամանակավոր դադարեցման մասին:
Գլխավոր հետախուզական վարչության տվյալներով՝ Հյուսիսային Կորեայի իշխանությունները ռուսական ռազմական տրանսպորտային ինքնաթիռներին արգելել են օգտվել իրենց օդային տարածքից և կասեցրել են KN-23 բալիստիկ հրթիռների ու հրետանային զինամթերքի մեկ այլ խմբաքանակի մատակարարումները, որոնք Հյուսիսային Կորեան կանոնավոր իրականացնում էր Ռուսաստանին 2023 թվականի երկրորդ կեսից ի վեր։ Ավելին, ըստ ուկրաինական ռազմական հետախուզության՝ Փհենյանը չի պատրաստվում պատասխանել ՌԴ տարածքում հյուսիսկորեական զորակազմը 8,5 հազարից 50 հազար զինծառայողի հասցնելու մասին ռուսական կողմի հարցմանը:
