Վրաստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ Բաթումում թուրք ֆուտբոլային երկրպագուների ագրեսիվ գործողությունների հետևանքով վիրավորվել է երեք ոստիկան, իսկ 16 թուրք ձերբակալվել է։ Երկրպագուները քաղաք էին ժամանել թուրքական «Բեշիկթաշի» և իսրայելական «Հապոել Բեր-Շևայի» միջև խաղի համար։
ՆԳՆ-ի տվյալներով՝ խաղից առաջ թուրք երկրպագուները աղմկոտ երթ են կազմակերպել Բաթումի փողոցներով։ Կարգուկանոն պահպանելու` ոստիկանների պահանջին ի պատասխան՝ մի քանի երկրպագու ֆիզիկական դիմակայության մեջ է մտել նրանց հետ։ Արդեն մարզադաշտի տարածքում թուրքերը շարունակել են բռնի գործողությունները՝ կոտրելով պլաստիկ նստատեղերը և դրանք նետելով ոստիկանների վրա։
Դեպքից հետո Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլու հետ։ Կողմերը մտքեր են փոխանակել թուրք երկրպագուների և վրաց ոստիկանության միջև բախումների վերաբերյալ։ Վրաստանում Թուրքիայի դեսպանատան և գլխավոր հյուպատոսության աշխատակիցները մարզադաշտում անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկել իրավիճակը կարգավորելու համար։
