Մարտի 3-ին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Երիտասարդական հանձնաժողովի նախաձեռնությամբ մեկնարկ տրվեց գիտակրթական-մշակութային միջոցառումների շարքին, որի առաջին «կանգառը» հայազգի ականավոր նկարիչ, արմատներով Ախալցխայից, Վարդգես Սուրենյանցի մասին պատմող ֆիլմի ցուցադրությունն էր՝ ճարտարապետական և հասարակական գործունեության ներկայացման զուգորդմամբ:
«Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի «Գյուլբենկյան սրահում» Վ. Սուրենյանցի անզուգական վրձնի շուրջ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ, ներկա և ապագա արվեստագետներ, ճարտարապետներ, արվեստով հետաքրքրվողներ և հայ ազգի մշակութային ժառանգությունը գնահատողներ, ներկա էին ճարտարապետ Ալբերտ Աճեմյանը, հյուրեր՝ Մայր Աթոռից և լրագրող գործընկերներ: Միջոցառմանը հրավիրված էր նաև գեղանկարիչ, բեմանկարիչ Վիկտոր Հովհաննիսյանը:
ՀՀ մշակույթի նախարարության և «Շողակաթ» հեռուստաընկերության գործընկերությամբ նկարահանված ֆիլմը, որին աջակցություն էր ցուցաբերել նաև ՋԱՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, տեղափոխեց ներկաներին 1900-ականներ՝ հնարավորություն տալով ապրել ու զգալ այն միջավայրն ու գույները, որոնք հետագայում պետք է անմահացնեին հայ մեծանուն նկարչին և հիացնեին իրեն հաջորդող սերունդներին:
Ֆիլմի ցուցադրությունից հետո «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Երիտասարդական հանձնաժողովի անդամ Արմինե Քթոյանը և «Գրադարան» նախաձեռնության ներկայացուցիչ Ռադիկ Կարապետյանը ներկայացրին Վ. Սուրենյանցի ողջ գունապնակը, հասարակական և ճարտարապետական գործունեությունը, նրա ունեցած մեծ ավանդը հայ մշակույթի, ճարտարապետության, կերպարվեստի և գրքարվեստի զարգացման գործում:
Վիկտոր Հովհաննիսյանը ողջունեց նախաձեռնությունը և մասնակիցների կողմից ցուցաբերվող հետաքրքրվածությունը հայ արվեստի հանդեպ և ավելացրեց, որ Սուրենյանցը, լինելով ազգային մեծ արժեք՝ ճարտարապետ, գեղանկարիչ, բեմանկարիչ, թարգմանիչ, ցավոք սրտի, գնահատված չէ հավուր պատշաճի: Սուրենյանցը բացառիկ էր նաև իր լեզվաբանական ունակություններով՝ տիրապետելով 10 օտար լեզուների, նա միաժամանակ տիրապետում էր հայերենի բարբառներին: Վ. Հովհաննիսյանը կոչ արեց երիտասարդներին պահպանել իրենց բարբառները, որովհետև դրանք են մեր եզակիությունը: Մասնակիցների կողմից բարձրացվեցին հարցեր, որոնք վերաբերում էին Սուրենյանցի վրձնի առանձնահատկությանն ու դրանց ըստ արժանվույն ներկայացման խնդրին:
ՋԱՀ-ի ողջ անձնակազմը շնորհակալություն է հայտնում ՀՀ մշակույթի նախարարությանն ու «Շողակաթ» հեռուստաընկերությանը ֆիլմը տրամադրելու, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնին միջոցառումների իրականացմանը աջակցելու, ինչպես նաև մասնակիցներին և հյուրերին ներկայության և ակտիվ մասնակցության համար: