Արցախյան հակամարտության շուրջ միջազգային ու «լոկալ» զարգացումների նոր միտումները, ներկայում կարծես թե ավելի նկատելի են դարձել: Ընդհանուր գծերով, իրավիճակը հետեւյալն է. Ադրբեջանը երկար ժամանակ պնդում էր պատերազմի իր իրավունքը, խնդիրն այդպիսով լուծելու համար: Նրան թույլ տվեցին պատերազմ սկսել, սակայն անցյալ տարվա ապրիլին նրա հարձակումը ձախողվեց: Դրանից հետո Ադրբեջանը հայտնվեց ռազմա-քաղաքական ու դիվանագիտական փակուղում, որից չի կարողանում դուրս գալ: Ադրբեջանին արգելվեց պատերազմը, եւ ինչպես Ալիեւը հետագայում խոստովանեց՝ միջազգային հանրությունը նրան ստիպում է ճանաչել Արցախը եւ համաձայնվել շփման գծում հետաքննության մեխանիզմի ներդրմանը:
Ադրբեջանը բնականաբար մերժում է այդ պահանջները, այդպիսով ավելի խորացնելով իր փակուղին: Իր հերթին, Հայաստանը «բռնացրել» է այս իրավիճակը եւ թույլ չի տալիս, որ Ադրբեջանը դուրս գա փակուղուց: Դա արվում է երկու՝ քաղաքական ու ռազմական միջոցներով:
Քաղաքական հարթության վրա, Հայաստանը ապրիլից հետո բանակցությունների շարունակման պայման է դնում Արցախի կարգավիճակի ճանաչման ու հետաքննության մեխանիզմի ներդրման հարցերը, այսինքն՝ Վիեննայի պայմանավորվածությունները:
Զուգահեռ, հայկական զինուժն անցել է նոր մարտավարության՝ կանխարգելիչ ու պատժիչ հարվածներ է հասցնում հակառակորդի զորքի քիչ թե շատ ակտիվ տեղաշարժերի դեպքում, զուգահեռ ներդնելով սեփական հետաքննության մեխանիզմը՝ ապացույցների ձեւով: Չի բացառվում, որ սա նաեւ միջազգային աջակցություն ունի՝ տեխնիկական ու քաղաքական, Ադրբեջանին Վիեննայի պայմանավորվածություններին հարկադրելու համար:
Այստեղ խիստ էական է Ռուսաստանի պարագան: Ադրբեջանը հակամարտության գոտում ազատ գործելու եւ պատերազմի «իրավունքի» երաշխավոր է համարում Ռուսաստանին, ինչը ակնհայտ դարձավ ապրիլյան պատերազմի ժամանակ: Ադրբեջանը չէր գնա այդ պատերազմին, եթե վստահ չլիներ, որ «մարսելու» է հետեւանքները: Պատերազմը սկսելը խնդիր չէ, խնդիրը ժամանակին դա կանգնեցնելու հետեւանքներից խուսափելու երաշխիքն է: Ադրբեջանը ապրիլին ուներ այդ երաշխիքը, մասնավորապես, որ հայկական ուժերը առաջ չեն գնա:
Սակայն ապրիլից հետո փակուղում հայտնվեց ոչ միայն Ադրբեջանը, այլեւ Ռուսաստանը, ինչը նրա քաղաքականության սնանկության վկայությունն էր: Զուր չէ, որ Ադրբեջանն ապրիլից հետո փորձում է փակուղուց դուրս գալ Ռուսաստանի օգնությամբ եւ վերականգնել պատերազմի «իրավունքը»: Սակայն Ռուսաստանի համար դա խնդրահարույց է, եւ երկրորդ անգամ թերեւս չի կարող երաշխիքներ տալ թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով, որոնց մասին շատ է գրվել:
Առավել եւս, հնարավոր չէ անվերջ փրկել Ադրբեջանին ու թուլացնել Հայաստանը՝ «ռեզինը» երբեւէ կտրվելու է, եւ իրավիճակը հանգել էր դրան: Իսկ Հայաստանի անկումը կդառնա Ռուսաստանի փլուզման սկիզբը: Սա նուրբ եւ բարդ թեմա է, որը խնամքով լռության են մատնում թե Ռուսաստանում, որտեղ գիտակցում են այս խնդիրը, թե Հայաստանում, որտեղ նոր նոր են սկսում գիտակցել:
Այս իրավիճակում, Ադրբեջանի համար տեղի ունեցավ անսպասելին՝ պատերազմի «իրավունքը» անցավ Հայաստանին, ինչը նշանակում է, որ նոր պատերազմի դեպքում Ադրբեջանը կորցնելու է նոր տարածքներ, ինչը «ճանաչվելու» է միջազգային հանրության կողմից: Զուր չէ, որ Սերժ Սարգսյանն ու Վիգեն Սարգսյանը վերջին շրջանում հայտարարել են հայկական զինուժի սպառազինության ողջ արսենալը կիրառելու մասին:
Հայկական կողմը կարո՞ղ է պահել այս շահեկան իրավիճակը: Սերժ Սարգսյանը փաստացի ստացավ Արեւմուտքի աջակցությունն այս իրավիճակի մասով, եւ նրա առաջիկա այցը Մոսկվա թերեւս կտա վերջնական պատասխանը: Սովորաբար, երբ Սարգսյանը մեկնում է Մոսկվա, հայ հանրության շրջանում տագնապ է առաջանում, ինչը անհիմն չէ:
Խնդիրն այն է, թե արդյոք Ռուսաստանը կփորձի վերադառնալ մինչապրիլյան տրամաբանությանը, եւ կարո՞ղ է Հայաստանը թույլ չտալ: Կարող է, դրա հնարավորությունները մեծ են:
Հայկազն Ղայրիյան
Աղբյուր՝ armenian-community.ge