Վրաստանը Միացյալ Նահանգների կարևոր գործընկերն է,- ավանդական ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
Լրագրողը հարցրել է, թե կոնկրետ ռազմական կամ տնտեսական ինչ օգնություն կդիտարկի ԱՄՆ-ը, եթե Ռուսաստանը հերթական ռազմական ագրեսիան իրականացնի Վրաստանի դեմ կամ անեքսիայի ենթարկի վրացական տարածքը։
«Վրաստանը Միացյալ Նահանգների կարեւոր գործընկերն է։ Մենք մեր աջակցությունը ցույց ենք տվել Վրաստանին և այս գործընկերությանը տարբեր ձևերով, այդ թվում՝ վերջին ամիսներին։ Չեմ մանրամասնի այն վարկածները, թե ինչ կարող ենք տեսնել Մոսկվայից, թեև կասեմ, որ մենք արդեն ցույց ենք տվել, ներառյալ Ուկրաինայի օրինակը, որ ԱՄՆ-ը հավատարիմ է այս տարածաշրջանում գործընկերներին։ Վրաստանը մի երկիր է, որը գիտի, թե ինչպիսին են ռուսական ագրեսիայի հետքերը։ Սա մի երկիր է, որը միջազգային հանրության օգնությամբ 2008 թվականին դիմացավ այս ագրեսիային։ Մենք շարունակում ենք աջակցել Վրաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։