Հայոց ցեղասպանության հիշատակի օրը Թուրքիայում մի շարք միջոցառումներ կանցկացվեն 22.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Թուրքիա, Հայկական հարց

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը Թուրքիայում մի շարք միջոցառումներ կանցկացվեն
		22.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Թուրքիա, Հայկական հարց


 Թուրքիայի Ստամբուլ քաղաքում այս տարի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, մի շարք միջոցառումներ կանցկացվեն: «Արմենպրես»ի հետ զրույցում Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանը նշեց, որ վերջին երկու տարիներին համավարակով պայմանավորված սահմանափակումներ էին և հանրային վայրերում միջոցառումներ անցկացնելու մեծ հնարավորություններ չկային: Այս տարի համաճարակային առումով իրավիճակը բարելավվել է, և ապրիլի 24-ին հայ համայնքի ներկայացուցիչները մի շարք միջոցառումներ են անցկացնելու: Մասնավորապես, Բեշիկթաշ թաղամասում հավաք է նախատեսված ապրիլի 24-ին՝ երեկոյան ժամը 19:00-ին: Այդ օրը լրատվամիջոցների համար հայտարարությամբ հանդես կգա «Մարդու իրավունքների միություն»-ը:

«Ապրիլի 24-ի կեսօրին նախատեսվում  է այցելություն Սևակ Բալըքչըի շիրիմին: Նա այն երիտասարդ շարքային զինվորն է, որը 2011 թվականի ապրիլի 24-ին իր ծառայած զորամասում սպանվեց ատելության հողի վրա: Նախորդ շաբաթ «Շաբաթօրյա մայրեր» կազմակերպությունը հայտարարությամբ հանդես եկավ և հիշատակեց Հայոց ցեղասպանության զոհերին՝ իբրև պետության կողմից բերման ենթարկվածների, անհետ կորածների»,-ասաց Բագրատ Էստուկյանը:

Ստամբուլում ապրիլի 24-ին տարբեր դահլիճներում նախատեսված են Հայոց ցեղասպանության թեմայով քննարկումներ, ասուլիսներ: Բագրատ Էստուկյանը նշեց, որ տեղի մի շարք հեռուստաընկերություններ նաև հաղորդումներ են պատրաստել Հայոց ցեղասպանության թեմայով, որոշներին իրենք նույնպես մասնակցելու են:

Ի՞նչ քննարկումներ են ծավալվում վերջին շրջանում Հայաստան-Թուրքիա երկխոսության հարցի շուրջ և որքանով է դա իր ազդեցությունը թողնում Հայոց ցեղասպանության հարցի վրա: Բագրատ Էստուկյանի խոսքով՝ Թուրքիայում մեծ քննարկումներ այդ հարցի շուրջ չկա:

«Մեծ հաշվով երկխոսություն չկա: Բանագնացները հանդիպում են, սակայն չգիտենք, թե ինչ են խոսում: Մամուլով ծանոթանում ենք, որ Վիեննայում, Մոսկվայում հանդիպեցին, սակայն դա երկխոսություն դեռ չի նշանակում, որովհետև որևէ արդյունք, զարգացում, առաջընթաց չկա: Թուրքիայում այդ հարցի հետ կապված արձագանք էլ չկա: Այդ թեման, կարծես, թե Հայաստանի համար ավելի հրատապ է ու այդտեղ ավելի շատ են հետաքրքրվում զարգացումներով, սակայն այն Թուրքիայում օրակարգի նյութ չէ, շոշափելի արդյունք չկա»,-ասաց Բագրատ Էստուկյանը:

Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան Կայսրության կողմից կազմակերպված և իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էր 2 միլիոնից ավելի հայ: 1915-1923թթ. ժամանակահատվածում թուրքական յաթաղանի զոհ դարձավ շուրջ 1.5 միլիոն հայ, մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով: Ամեն տարի ապրիլի 24-ին Հայաստանում, Արցախում, աշխարհի տարբեր երկրներում անցկացվում են հիշատակի միջոցառումներ:

Աննա Գզիրյան