Հաբեքը նշել է, թե որ դեպքում Գերմանիան կարող է մնալ առանց ռուսական գազի

Հաբեքը նշել է, թե որ դեպքում Գերմանիան կարող է մնալ առանց ռուսական գազի


Առաջիկա ձմեռը Գերմանիան կարող է անցկացնել առանց ռուսական գազի մատակարարման՝ էներգիայի զգալի խնայողության և գազապահեստարանները լցված լինելու դեպքում՝ Wirtschafts Woche թերթի հետ հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը:

Նա կարծիք է հայտնել, որ արդյունաբերությունը և անհատները կարող են 10%-ով կրճատել էներգիայի սպառումը՝ չհայտնվելով «աղետալի վիճակում»:

«Եթե տարեվերջին մենք ամբողջական պահեստարաններ ունենանք, եթե մեր վարձակալած հեղուկ գազի լողացող չորս տանկերներից երկուսը միացված լինեն ցանցին, եթե մենք զգալիորեն խնայենք էներգիան, ապա կկարողանանք ինչ-որ չափով ձմռանը դիմանալ առանց ռուսական գազի մատակարարման»,- նշել է Հաբեքը:

Միևնույն ժամանակ, փոխկանցլերը զգուշացրել է, որ նման պարագայում գազի գինը շատ բարձր կլինի, իսկ ձմռան վերջին գազի պահեստարանները կդատարկվեն:

Ավելի վաղ Հաբեքը հայտարարել էր, որ Գերմանիան առայժմ չի կարող Ռուսաստանից բնական գազի մատակարարման արգելք սահմանել: Նրա խոսքով՝ Գերմանիայի պահեստարանները լցված են միայն 40%-ով։