Այսօր ներկա եմ գտնվել Ստեփանակերտում մեկնարկած «Ապագա հայկականը» նախաձեռնության ժողովրդագրական ֆորումի բացման արարողությանը: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
«Ողջունել եմ ֆորումի անցկացման գաղափարը, որը ներառական միջավայր է ապահովում բազմաթիվ սրտացավ ու պրոֆեսիոնալ հայերի իրենց դիտարկումներն ու առաջարկները ներկայացնել Արցախի առջև ծառացած ժողովրդագրական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:
Արցախը բացառիկ նշանակություն ունի հայության համար անցյալում, ներկայում և ապագայում, և Արցախի ապագայի երաշխավորման համար ժողովրդագրությունը կարևոր ուղղություններից է: Ուստի, ողջունելի է այս ֆորումի նախաձեռնությունը, որը լրջորեն կաջակցի ժողովրդագրության ռազմավարության մշակման ու իրագործման ուղղությամբ կատարվող պետական ջանքերին»,- նշված է գրառման մեջ: