Օզնիում բացվեց «ԱրՄաթ» կենտրոն 22.05.2022 Sona Tonakanian Ծալկա, Կրթություն

Օզնիում բացվեց «ԱրՄաթ»  կենտրոն
		22.05.2022 Sona Tonakanian Ծալկա, Կրթություն


Մայիսի 21-ին Ծալկայի շրջանի Օզնի գյուղում տեղի ունեցավ «ԱրՄաթ» կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը:

Բացման արարողությանը ներկա էին ինչպես ծրագրի ձեռնարկողներն ու իրականացնողները, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներ, Օզնիի եւ շրջակա գյուղերի բնակիչներ եւ այլ հյուրեր։

«Մեզ համար սկզբունքային է, ոչ միայն Սամցխե֊Ջավախքում, այլ նաեւ Ծալկայում հիմնել  «ԱրՄաթ» կենտրոններ։ Մշտապես համագործակցում ենք տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչների հետ, նրանք եւս այսօր ներկա են եւ ողջունում են գյուղում կրթական կենտրոնի առկայությունը։ Ծրագիրը շարունակական է, առաջիկայում եւս կլինեն նոր կենտրոններ այն գյուղերում, որոնց բարերարներն հետաքրքրված են գյուղում կրթական մակարդակի բարձրացմաբ»,֊ մեզ հետ զրույցում նշեց ՋԱՀ֊ի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը։

Օզնիում «ԱրՄաթ» ֊ի հիմնման ծրագիրն իրականացնում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը «Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամ»-ի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ գործընկերությամբ և բարերար Ռազմիկ Բլիկյանի ֆինանսական աջակցությամբ:

«Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամ»-ի տնօրեն Նաիրա Մելիքյանը նշում է, որ ՋԱՀ֊ի հետ համագործացությամբ արդեն 3֊րդ «ԱրՄաթ» կենտրոնն են հիմնում՝ կարևորելով կրթական արժեքների տարածումը գյուղական համայնքներում։  Նա նաեւ նշում է, որ Հովնանյան ընտանիքի գենետիկ հիշողությունը մշտապես գործում է՝ հանուն հայապահպանության եւ հեռավոր գյուղերում նման կենտրոնների գործունեությունը խթան է ապրելու եւ արարելու հայրենի բնօրրանում։

«ԱրՄաթ» կենտրոններում 10-18 տարեկան երեխաները ինտերակտիվ արտադասարանական դասընթացների, հետաքրքիր մրցույթների, ինովացիոն ճամբարների միջոցով ծանոթանում են գիտությանը, տեխնոլոգիային, ինժեներիային և մաթեմաթիկային։
Այս ծրագրի շնորհիվ շրջանի երեխաների առջև իր դռներն է բացում ժամանակակից տեխնոլոգիաների և գիտության աշխարհը:

Օզնի գյուղի «ԱրՄաթ»-ի խմբակավարը Գոռ Սիմոնյանն է։ Նա ուսանող է, չնայած այն հանգամանքին, որ այլ մասնագիտություն է ընտրել, ծրագրավորումը նախասիրություն է համարում եւ սիրով աշխատում է։

«Վերապատրաստվել եմ եւ լավ տիրապետում եմ այն ծրագրերին, որոնք սովորեցնելու եմ աշակերտներին, այս պահին իմ ունեցած հմտությունները բավարար են, սակայն չեմ սահմանափակվելու իմացածովս եւ առաջիկայում նոր ծրագրեր եւս կսովորեմ։ Այսօր Օզնիի «ԱրՄաթ»  է հաճախում 60 երեխա, ինչպես Օզնիից այնպես էլ հարևան գյուղերից, նրանք ոգեւորված են եւ մեծ սիրով են գալիս»,֊ մեզ հետ զրույցում նշում է խմբակավար Գոռ Սիմոնյանը։

Նշենք, որ «ԱրՄաթ»-ների հիմնման ծրագիրը Ջավախքում իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համագործակցությամբ և անհատ բարերարների ու կառույցների աջակցությամբ: