Երկրներից ոչ մեկը չի ցանկանում կարգավորել առկա հակամարտությունները

Երկրներից ոչ մեկը չի ցանկանում կարգավորել առկա հակամարտությունները

Հարավային Կովկասի տարածաշրջանը հաղորդակցությունների առումով ամենափակերից մեկն է աշխարհում. նա կարծես մեծացած երեխա լինի, որին ստիպում են փոքրացած հագուստ կրել: Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը վերջերս այցով Վրաստանում է եղել, որտեղ աղմկոտ հայտարարություն է արել՝ ստեղծել հաղորդակցությունների տարածաշրջանային համակարգ, որը թույլ կտա կապել Պարսից ծոցը Սև ծովի հետ Հարավային Կովկասի տարածքով: Եվ թեև Զարիֆը խոսում էր հիմնականում Իրան-Ադրբեջան-Վրաստան ուղղության մասին, ակտիվորեն քննարկվում է նաև Իրան-Հայաստան-Վրաստան ուղին:

Այդ նույն օրերին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Աբխազիա է այցելել և հայտարարել, որ Ռուսաստանն ու Աբխազիան խնդիր չեն տեսնում հաղորդակցությունների գործարկման մեջ, որը Ռուսաստանն ու Հայաստանը կկապեն Աբխազիայի միջոցով: Փաստացի, Ռուսաստանը կրկին արդիականացնում է չճանաչված Աբխազիայի տարածքով հաղորդակցությունների բացման մասին առաջարկը:

Արդյոք այս երկու առաջարկները կապված են եղել, դժվար է ասել, սակայն այն, որ դա գրեթե միաժամանակ է հնչում, մատնացույց է անում Հարավային Կովկասի տարածքով հաղորդակցությունների բացման գործում առկա թեժ աշխարհաքաղաքական դիմակայությունը:

Երկու առաջարկներն էլ Վրաստանն անպատասխան է թողել, սակայն, չնայած Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցությունների բացման թվացյալ անհուսությանը, իրավիճակն, ըստ ամենայնի, հասունացել է, և հեռու չէ այն օրը, երբ հին բաճկոնի կարերը, որն արդեն սեղմում է ամենաանհարմար մասերում, պայթեն:

Հարավային Կովկասում արգելափակում են բոլորին.

Ադրբեջանն ու Թուրքիան բացահայտ մեկուսացնում են Հայաստանին՝ դա որպես պետական քաղաքականություն հռչակելով; Վրաստանն արգելափակում է Ռուսաստանի և Հայաստանի միջև հաղորդակցությունները, հատկապես՝ ռազմական; Ռուսաստանը Հայաստանի միջոցով խոչընդոտում է դեպի Սև ծով և Եվրոպա Իրանի ելքի պլանները; Իրանը չի շտապում կապել իր երկաթուղին ադրբեջանականի հետ՝ հրաժարվելով Աստարա-Ռեշտ փոքր հատվածի շինարարությունից՝ դրանով իսկ Ադրբեջանը «փակուղու» վերածելով; Արևմուտքը չի խրախուսում Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարությունն՝ արգելափակելով Թուրքիային և թույլ չտալով վերջնականապես մեկուսացնել Հայաստանին:

Եվ սա տարածաշրջանային գորդյան հանգույցի միայն տեսանելի շերտերն են, որն ի զորու չէ բացել առանձին երկիր կամ դաշինք: Տարածաշրջանի ոչ մի երկիր չի ցանկանում վերջնականապես կարգավորել տարածաշրջանային հակամարտությունները կամ մի մակարդակ ավելի վեր բարձրանալ և ստեղծել հաղորդակցությունների վերպետական, տարածաշրջանային համակարգ:

Իրանն, ըստ ամենայնի, փորձում է առաջ քաշել առանց ղարաբաղյան, աբխազական և այլ հակամարտությունների վերջնական լուծման հաղորդակցությունների բացման գաղափարը: Սակայն, դատելով Թբիլիսիի լուռ արձագանքից, տարածաշրջանը դեռ չի հասունացել՝ նախընտրելով հին բաճկոնը:

Թուրքիան ու Ադրբեջանը նույնպես զգուշորեն են վերաբերվում Իրանի պլաններին՝ սեփական նախագծերն առաջ քաշելով, մասնավորապես՝ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղին, որն, ինչպես ասում են, կբացվի այս տարվա ամռանը: Երկաթուղու բացումը բազմիցս հետաձգվել է, և պարզ չէ, թե արդյոք տարածաշրջանի երկրները կկարողանան այն ավարտին հասցնել:

Իրանի առաջարկներին խոչընդոտելը հիմնականում կապված է Իրանի հանդեպ պաշտոնական Բաքվի անվստահության հետ: Պատահական չէ, որ Ադրբեջանը երկար տարիներ չի համաձայնում առանց վիզայի ռեժիմ տրամադրել Իրանի քաղաքացիներին: Կարծիքներ կան նաև, որ Բաքուն համառորեն մերժում է Թեհրանին Նախիջևանի տարածքով երկաթուղային հաղորդակցության բացման հարցում առանց ղարաբաղյան կարգավորման: Պաշտոնապես Թեհրանը, ճիշտ է, նման առաջարկի մասին չի հայտարարել:

Հարցը ոչ միայն Ադրբեջանի ու Վրաստանի մեջ է, այլ նաև Հայաստանի: Իրանի հաղորդակցային պլանները մեկ ուղղություն չունեն. Ադրբեջանի միջոցով Իրանը կարող է կապվել Ռուսաստանի հետ, սակայան Վրաստանի սևծովյան ափ դուրս գալու համար Իրանը պետք է Հայաստանի հետ պայմանավորվածություն ձեռք բերի:

Հայաստանը, սակայն, Եվրասիական միությանն անդամակցելուց հետո չի կարող նման հարցերն ինքնիշխան ռեժիմով լուծել: Ի պատասխան երկկողմանի համագործակցության մասին Իրանի բոլոր առաջարկներին Հայաստանը որպես մանթրա կրկնում է Եվրասիական միության և Իրանի միջև կամուրջ լինելու մասին թեզը: Դա այնքան հաճախ է կրկնվել, որ Իրանը որոշել է Հայաստանի միջոցով ԵԱՏՄ հետ Ազատ առևտրի գոտու մասին ինչ-որ համաձայնագիր ստորագրել: Այդ համաձայնագիրը պետք է ստորագրվեր ապրիլի 14-ին Բիշքեկում ԵԱՏՄ գագաթնաժողովին, սակայն ավելի ուշ հայտարարվեց, որ կողմերին չի հաջողվել համաձայնեցնել մանրամասները:

Ընդ որում, ապրիլի 19-ին հայտարարվեց, որ Հայաստանն արել է առաջին քայլն Իրանի հետ Ազատ առևտրի գոտու ստեղծման ճանապարհին: Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը «Սյունիք ազատ առևտրի գոտի» ԲԲԸ տնօրեն Երվանդ Ղուկասյանի հետ համաձայնագիր է ստորագրել, որը կարգավորում է Իրանի հետ սահմանին ստեղծվող Ազատ տնտեսական գոտու գործունեությունը: Սակայն այդ քայլի աննշանությունը խոսում է այն մասին, որ Հայաստանը չի շտապում:

Փորձագետներն ասում են, որ Իրանի և Հայաստանի (այնուհետև նաև Վրաստանի) միջև տնտեսական համագործակցության զարգացումն ակտիվորեն արգելափակում է Ռուսաստանը: Մոսկվայում տարածաշրջանային հաղորդակցությունների ստեղծման մասին իրանական առաջարկները դիտարկում են որպես Ռուսաստանի շահերին հակասող: «Վզգլյադ» թերթը Զարիֆի թբիլիսյան այցի հետ կապված երկար հոդված է հրապարակել՝ «Իրանի տրանսպորտային նախագիծը վտանգում է Ռուսաստանի պլանները»: Թերթի կողմից հարցված փորձագետներն ասում են, որ Իրանից դեպի Հայաստան և Վրաստան տրանսպորտային միջանցքը հակասում է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Թուրքիայի պլաններին:

Անլուծելի խնդիրների հանգույցը տարածաշրջանում մատնացույց է անում, որ Հարավային Կովկասը կշարունակի շամպայնի շշի խցան մնալ: Թե երբ տեղի կունենա «պայթյունը», ոչ ոք չի կարող ասել, հատկապես ներկայիս պայմաններում, երբ ԱՄՆ-ն կրկին փորձում է վերանայել իր վերաբերմունքը Իրանի հետ միջուկային գործարքին, և տարածաշրջանում ռազմաքաղաքական դիմակայության նոր օջախ կարող է առաջանալ:

Նաիրա Հայրումյան

Վրաստանի Հայ Համայնք