ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը:
«Ես բարձր եմ գնահատում այս զեկույցը՝ լավ գրված և ճիշտ ժամանակին: Քաղաքական կուսակցությունները, ի թիվս այլ գործող սուբյեկտների, պատասխանատվություն են կրում ատելության, ռասիզմի և քսենոֆոբիայի դեմ պայքարում:
Սակայն այսօր մենք հաճախ ենք տեսնում, որ քաղաքական կուսակցությունները դրա փոխարեն կառուցում են իրենց նախընտրական արշավները, հռետորաբանությունը, երբեմն էլ՝ գործողությունները, ատելության, ռասիզմի և այլատյացության վրա: Դա տեղի է ունենում Եվրոպայում և Եվրոպայի սահմաններից դուրս: Երբեմն նման քաղաքական կուսակցություններն ու նրանց առաջնորդները հայտնվում են սեփական ծուղակում: Նրանք ատելությունն այնքան են տարածում և ամրապնդում, որ հետո չգիտեն, թե ինչպես պետք է վերահսկել և հաղթահարել այն ատելությունը, որը նրանք ստեղծել են և սերմանել:
Հատկապես վտանգավոր է, երբ անմիջական հարևանությամբ ապրող հասարակության նկատմամբ է տարածվում ու քարոզվում նման ահռելի ատելություն: Եվ ավելի վտանգավոր է, երբ գոյություն ունի չլուծված հակամարտություն, որը, միևնույն ժամանակ, խաղաղ կարգավորման կարիք ունի՝ նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Ադրբեջանում համակարգային հայատյացության համատեքստում:
Դուք շատ լավ գիտեք Բաքվի ռազմավարի պուրակի դեպքը, որը փառաբանում է պատերազմը, պատկերում գերության մեջ գտնվող հայ զինվորներին, որտեղ նվաստացնում են մարդկային արժանապատվությունը և անմարդկային դարձնում հայերին: Նույնիսկ դպրոցականներին են տարել այդ այգի: Սա պետության կողմից հովանավորվող ատելության և ռասիզմի դեպք էր: Հայ զինվորների մանեկենները հանվել են միայն ժամանակ, երբ Հայաստանը դիմում է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի հիման վրա:
Արդարադատության միջազգային դատարանն արդեն ներկայացրել է միջանկյալ որոշում՝ կոչ անելով Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ռասայական ատելության և խտրականության հրահրումն ու խթանումը, այդ թվում՝ իր պաշտոնյաների և հասարակական հաստատությունների կողմից, որոնք ուղղված են հայազգի կամ էթնիկական ծագման անձանց դեմ»:
Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Արդարադատության միջազգային դատարանը հայտարարել է, որ հենց Ադրբեջանում պաշտոնյաներն ու հասարակական կառույցներն են հրահրում և քարոզում ատելություն հայերի նկատմամբ: Ես կարծում եմ, որ Եվրոպայի խորհուրդը և իր խորհրդարանական վեհաժողովը նույնպես պետք է բարձրաձայնեն և պետական մակարդակով ատելության խոսքը, ռասիզմը և այլատյացությունն ուղղակիորեն կոչեն իրենց անուններով, և մենք պետք է միասին պայքարենք դրա դեմ, քանի որ ատելությունը սնդիկի նման թունավոր է, որը թափվելուց հետո շատ դժվար է հավաքել»,- իր ելույթում ասել է Սոնա Ղազարյանը: