Մայիսի 28-ը համայն հայության համար մեծ տոն է: 1918թ. այդ օրը մեր ժողովուրդը կարողացավ վերականգնել իր դարերով կորցրած անկախությունը եւ երկիրը փրկեց վերջնական կործանումից: Այդ օրերին երբ մեր հայրերը անկախություն էին հռչակում հայ ժողովուրդը կենաց մահու պատերազմ էր մղում Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում եւ Ջավախքում: Հաղթանակելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս եւ փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից:
Առանձին ուշադրության է արժանի Ախալցխայի ինքնապաշտպանությունը, որը կազմակերպվել էր քաղաքապետ Զորի Զորյանի առաջնորդությամբ: Ի տարբերություն Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի ճակատամարտերի Ախալցխայի հերոսական ինքնապաշտպանությունը տեւել է երկար ամիսներ:
Այսպիսով մայիսի 28-ին հայությունը նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության օրը: Հայկական հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը) հռչակվեց «Հայկական ազգային խորհրդի» կողմից 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում` Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո: Մայիսի 29-ին ՀՅԴ Արեւմտյան եւ Արեւելյան Բյուրոյի նիստը Հովհաննես Քաջազնունուն նշանակեց անկախ Հայաստանի առաջին վարչապետ, մայրաքաղաքը դարձավ Երեւանը, վերջին վարչապետը Սիմոն Վրացյանն էր:
Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը երկու տարի, մինչեւ 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Երեւան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը եւ հանրապետությունը խորհրդայնացվեց:
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնը շնորհավորում է համայն հայությանը այս մեծ օրվա առիթով: